Արամ Ա կաթողիկոսն անհրաժեշտ է համարում ազգային պահանջատիրությունը համապարփակ մոտեցումով հետապնդելը

4 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն բացման պատգամ է հղել Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի կողմից Բրյուսելում կամզակերպված Եվրոպայի հայ համայնքների չորրորդ համագումարի մասնակիցներին՝ անհրաժեշտ համարելով ազգային պահանջատիրությունը համապարփակ մոտեցումով հետապնդելը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Այս առաւօտ, 18 Հոկտեմբեր 2017-ին, Պրիւքսէլի մէջ տեղի ունեցաւ բացումը Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին կազմակերպութեամբ Եւրոպայի հայ համայնքներու չորրորդ համագումարին։

Համագումարի բացման իր պատգամին մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ շեշտեց մեր ժողովուրդի պահանջատիրութեան համապարփակ մօտեցում որդեգրելու հրամայականը։ Վեհափառ Հայրապետը յատկապէս ըսաւ. «Անցնող տասնամեակներուն մեր ժողովուրդին պահանջատիրութեան մասին խօսելով շեշտեցինք մեր դատին քաղաքականացման, միջազգայնացման ու այժմէականացման անհրաժեշտութիւնը։ Մենք նաեւ յաճախ յիշեցուցինք, թէ հայ դատին իրաւատէրը Հայաստանն է։ Այսօր, փաստօրէն, մեր դատը միջազգային օրակարգի վրայ կը գտնուի. ան միջազգային լուսարձակի տակ մնաց յատկապէս 100-ամեակէն ետք։ Հայաստանի վերանկախացումէն ետք Հայաստանի Հանրապետութիւնը իր արտաքին յարաբերութեան կարեւոր մէկ մասը նկատեց մեր ժողովուրդի արդար իրաւունքներու հետապնդումը»։

Ապա, Նորին Սրբութիւնը, այս ընդհանուր ակնարկէն յետոյ, առաջին հերթին անդրադարձաւ մեր ժողովուրդին պահանջատիրութիւնը աւելի լայն շրջագիծի մէջ դիտելու կարեւորութեան. ան յատկապէս նշեց. «Հայաստանի Հանրապետութեան հզօրացումը ու Արցախի անկախութեան ամրապնդումը պէտք է հիմքը դառնան մեր պահանջատիրութեան»։ Շարունակելով իր խօսքը, Հայրապետը յայտնեց. «Ցեղասպանութեան ճանաչման գծով, անցնող տասնամեակներուն հայ դատի մարմինները, մեր եկեղեցին եւ մեր կուսակցութիւնները կարեւոր դեր կատարեցին ու կը շարունակեն կատարել։ Սակայն, ինչպէս յաճախ կը յիշեցնենք, անհրաժեշտ է ցեղասպանութեան ճանաչումէն անդին իրաւական մարզ մուտք գործել՝ միջազգային օրէնքի տուեալներու լոյսին տակ»։ Իր խօսքի վերջին բաժինին մէջ, Վեհափառ Հայրապետը անդրադառնալով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բացած դատին Թուրքիոյ դէմ՝ պահանջելով Սիսի իր պատմական Կաթողիկոսարանին վերադարձը, զայն նկատեց «առաջին գործնական քայլ մը մեր պահանջատիրութեան իրաւական մարզ առաջնորդող»։

Նշենք, որ համագումարին բացման խօսքերով հանդէս եկան նաեւ Արցախի Հանրապետութեան նախագահ Տիար Բակօ Սահակեան, որ դրուատեց Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբին տարած աշխատանքը ի խնդիր համազգային նպատակներու իրականացման ճանապարհին, Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարար Տիկին Հրանուշ Յակոբեան, որ Եւրոպայի ուսերուն վրայ դրաւ յանձնառու կերպով մօտենալ հայ ժողովուրդի իրաւունքներուն վերատիրացման հարցին, Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Տիար Գասպար Կարապետեան, որ հակիրճ տողերու մէջ ներկայացուց յանձնախումբին իրագործութիւններն ու նախաձեռնութիւնները եւ վերջապէս Հայ Դատի Կեդրոնական խորհուրդի նախագահ Տիար Յակոբ Տէր Խաչատուրեան, որ շնորհակալութիւն յայտնեց համագումարին մասնակցելու հրաւէրները ընդառաջող մարմիններուն եւ լուսարձակի տակ առաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, նամանաւանդ Նորին Սրբութեան տարած աշխատանքը, որուն շնորհիւ տարբեր շրջանակներու մէջ կը հնչէ Հայ Դատի հասկացողութիւնը»։

Հայերեն العربية

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները