«Գրեմմիի» մրցանակակիր Ռենե Ֆլեմինգը հետաքրքիր ծրագիր կներկայացնի երևանյան մենահամերգին
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրահայտ օպերային երգչուհի, «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Ռենե Ֆլեմինգն օպերային արվեստում իր երկարակեցության գաղտնիքն է համարում ձայնային տեխնիկային տիրապետելն ու նվիրվածությունն այդ արվեստին:
Սոպրանոն «Երևանյան hեռանկարներ» փառատոնի շրջանակում մենահամերգով հանդես կգա հոկտեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին երգչուհին և օպերային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հոկտեմբերի 6-ին պատմեցին լրագրողներին:
«Մեծագույն երջանկություն է Ռենե Ֆլեմինգին մեզ մոտ հյուրընկալելը: Նրա հետ վաղուց ենք համագործակցել: Մեր առաջին համատեղ ելույթը կայացել է 2006 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Դա հիանալի միջոցառում էր: Վաղվա համերգային ծրագիրը հագեցած կլինի հետաքրքիր ստեղծագործություններով: Այս համերգով նա շնորհավորում է մեր օպերային թատրոնի 85-ամյակը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց Կոնստանտին Օրբելյանը:
Ռենե Ֆլեմինգի խոսքով` ինքը երջանիկ է, որ Հայաստանում է, քանի որ բազմաթիվ հայ ընկերներ ունի, ովքեր սերտ կապված են իրենց ազգի ժառանգությանը: Ֆլեմինգն ասաց, որ իր համար հաճելի է կրկին աշխատել Կոնստանտին Օրբելյանի հետ, ով հիանալի մարդ և դիրիժոր է:
«Երեկ հատվածներ եմ դիտել «Անուշ» օպերայից: Իսկապես հավանել եմ ու կցանկանայի ամբողջությամբ նայել, ինձ ապշեցրել, տպավորել է Արարատ լեռան գեղեցկությունը»,-նշեց երգչուհին:
Նա խոսեց նաև երիտասարդ հայ օպերային երգիչների մասին, ում հետ վարպետության դաս էր անցկացրել: Ըստ Ֆլեմինգի` նրանք հիանալի ձայներ ունեն, շատ կրթված են, տաղանդավոր ու հեռանկարային:
Ռենե Ֆլեմինգը երգել է ինչպես հանրահայտ օպերային երգիչներ Լուչանո Պավարոտիի և Պլասիդո Դոմինգոյի, այնպես էլ` երաժշտական այլ ժանրերում ստեղծագործող երգիչներ Էլթոն Ջոնի, Սթինգի, Մայքլ Բոլթոնի և այլոց հետ: «Բազմիցս համագործակցել եմ ջազ, ռոք և այլ ժանրերում ստեղծագործող աստղերի հետ, քանի որ սիրում եմ նաև այդ երաժշտությունն ու մեծ բավականություն ստանում դրանից: Պետք է շեշտեմ, որ ռոք ժանրում ձայնագրված սկավառակս ավելին էր, քան պարզապես փորձը»,-ասաց նա:
Անդրադառնալով դասական օպերաների նորանոր լուծումներով բեմադրություններին` նա նշեց, որ դրանք իրեն հոգեհարազատ չեն, սակայն լավ ռեժիսորի վառ երևակայության դեպքում կարող են և հաջողված լինել:
Ֆլեմինգը խոսեց նաև այն դերերգերի մասին, որոնցից երբեք չի կարող բաժանվել և շեշտեց, որ դրանք տասն են: «Դրանցից մեկը Դեզդեմոնան է, Տատյանան, Շտրաուսի երեք հերոսուհիներ և մի քանի դերեր մերօրյա ամերիկյան օպերաներից»,-ընդգծեց սոպրանոն:
Նա ասաց, որ բարձր տրամադրություն ունի ու անհամբերությամբ է սպասում վաղվա համերգին:
Ռենե Ֆլեմինգը ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն օպերային բեմերում, երգել Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունների, Պեկինի 2008 թվականի օլիմպիական խաղերի, բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության և այլ նշանակալի միջոցառումների ժամանակ:
Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա ստեղծված կինոնկարը: Նա ձայնագրել է «Դեռ երազում եմ» երգը` «Երազների պահապանները» ֆիլմի համար: Ֆլեմինգի ձայնն է լսվում նաև 2017-ի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» մրցանակակիր Գվիլեմո Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմում: