Նորվեգացի միսիոներուհու թոռը՝ Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ժխտողականության և Հայաստանի տաք ամառների մասին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը Հայոց ցեղասպանության օրերին նվիրվել է հայ ժողովրդին ծառայելու գործին: Իմանալով հայերի տառապանքների մասին՝ նա գնացել է Մուշ՝ միաժամանակ օգնելով նաև շրջակայքի հայությանը: Խնամել և բժշկել է որբերին, փրկել է բազմաթիվ կանանց և երեխաների կյանքեր: Մանկատուն է հիմնել նաև Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում: Այս գործից 102 տարի անց Հայաստանում է միսիոներուհու թոռը: «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Յուսի Բյորնի հետ:

-Պարոն Բյորն, այդ օրերի մասին Ձեր տատն ի՞նչ է պատմել, ի՞նչ կհիշեք:

-Մենք Նորվեգիայում ապրել ենք նույն տանը, և նա ինձ շատ բան է հասցրել պատմել: Շատ բան գիտեմ՝ նույնիսկ փրկված երեխաների անունները: Տատս միշտ անդրադառնում էր այդ թեմային: Նա գրի է առել իր հուշերը: Հստակ չգիտեմ, թե քանի երեխա է փրկել: Նա մոտ 30 տարիաշխատել է Մուշում, Գյումրիում, Հալեպում: Կարծում եմ՝ նույնիսկ չի էլ հաշվել երեխաների թիվը: Տատս միշտ օգնում էր տառապողներին, նրանց, ովքեր իսկապես օգնության կարիք են ունեցել: Ցեղասպանությունից հետո նա եղել է նաև Հալեպում, հիմնել մանկատուն, հավաքել է հիվանդ երեխաներին, բժշկել նրանց և վերադարձրել իրենց ընտանիքներ:

-Ձեր տատի հուշերից կամ այլ աղբյուրներից ի՞նչ գիտեք Հայոց ցեղասպանության մասին:

-Կատարվածի մասին ես շատ բան գիտեմ: Շատ եմ կարդացել տատիկիս հիշողությունները, նամակները: Անժխտելի է՝ ցեղասպանությունն իսկապես տեղի է ունեցել:

-Նորվեգիայի դիրքորոշումն ինչպիսի՞ն է Հայոց ցեղասպանության հարցում, մարդու իրավունքներն ամենաշատը հարգող երկիրն ինչո՞ւ չի ճանաչում այն:

-Կասկածի ենթակա չէ՝ Հայոց ցեղասպանությունն իսկապես եղել է: Այն ապացույցների կարիք չունի: Բոլորը գիտեն այդ մասին, նույնիսկ Թուրքիան: Մուսուլմանների համար ամոթալի է, նրանք պետք է բացատրեն, թե ինչու են ստում 100 տարի շարունակ: Իմ կարծիքով՝ նրանք գերադասում են ստի մեջ ապրել:

-Իսկ Նորվեգիայի հասարակությունը որքանո՞վ է տեղեկացված, ի՞նչ դիրքորոշում ունի:

-Շատ ու շատ մարդիկ գիտեն այս մասին: Սակայն նրանց թիվը քիչ է Նորվեգիայում: Ես անում եմ առավելագույնը նաև լրագրողների և զբոսաշրջիկների օգնությամբ, որպեսզի ճանաչեն Հայաստանը, ծանոթ լինեն Հայոց ցեղասպանության փաստին: Շատ պատմաբաններ և լրագրողներ Նորվեգիայում գիտեն ցեղասպանության մասին: Իմ կարծիքով՝ հայերը չպետք է մոռանան ցեղասպանությունը, սակայն պետք է առաջ նայեն, զարգանան:

-Ձեր կարծիքով՝ ո՞րն է որոշ երկրների՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու պատճառը:

-Խնդիրը փողն է: Այդ երկրները բիզնես-համագործակցություն ունեն Թուրքիայի հետ, նաև զբոսաշրջային հոսք:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարող է անել Հայաստանը ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, որ չի արել:

-Ինձ թվում է, ամեն տեղ այն արդեն ընդունել են, եթե ոչ պաշտոնապես, ապա գոնե ներքուստ: Դուք նաև ունենք հայտնի հայ դերասաններ, այլ ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, որոնք ևս նպաստում են դրան: Կարծում եմ՝ դուք արել եք առավելագույնը, դուք երբեք չեք մոռանում ցեղասպանությունը:

-Ձեր հայրն ազգությամբ հայ է, ի՞նչ գիտեք Հայաստանի և հայերի մասին:

-Ես հաճախ եմ այցելում Հայաստան: Շատ մարդկանց գիտեմ այստեղ, մայրաքաղաքը և նույնիսկ տաքսիների վարորդներին: Ես շրջել եմ ամբողջ երկրով, եղել եմ նաև սահմանամերձ շրջաններում: Հյուրընկալվել եմ գյուղերում, շփվել մարդկանց հետ, ոմանց օգնել եմ իրենց գործում:

-Ի՞նչն եք Հայաստանում ամենից շատ սիրում:

-Սիրում եմ Հայաստանի տաք ամառը: Հիանալի սրճարաններ, ռեստորաններ ունեք: Նաև այն, որ հայերը, որտեղ էլ լինեն, հեշտությամբ են շփվում մարդկանց հետ:

-Ե՞րբ եք նախատեսում կրկին Հայաստան այցելել:

-Հաջորդ այցս, հավանաբար, կլինի մյուս ամսին: Ես հաճախակի եմ այստեղ գալիս:Հայերին լավ ապագա եմ ցանկանում: Հուսով եմ՝ Հայաստանն աստիճանաբար ավելի շատ հնարավորություններ կբացի իր երիտասարդների առջև:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Հայերեն English