Արցախ

Արայիկ Հարությունյանը բարձր տրամադրությամբ է ստանձնում նոր պաշտոնը

2 րոպեի ընթերցում

 Արայիկ Հարությունյանը բարձր տրամադրությամբ է ստանձնում նոր պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը բարձր տրամադրությամբ է ստանձնում իր նոր պաշտոնը: Լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ շարունակելու է աշխատել իրեն հոգեհարազատ ոլորտում:

«Ինչպես գիտեք տնտեսությունն ինձ համար հոգեհարազատ ոլորտ է: Այս տարիների ընթացքում բոլորս, նախագահից սկսած ակտիվորեն աշխատել ենք: Այսօր էլ շարունակելու ենք աշխատել մեր առջև դրված նոր ցուցանիշերին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արայիկ Հարությունյանը:

Պետնախարարն արձագանքեց լրագրողների այն դիտարկմանը, թե ինչու է նա սկսել հազվադեպ ժպտալ:

«Երևի տարիքն է, որ քիչ եմ ժպտում, բայց եթե պետք է ավելի շատ կժպտամ: Ասեմ, որ շատ լավ եմ տրամադրված իմ նոր աշխատանքին»,-ասաց նա:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ պետք է ակտիվորեն աշխատեն ավելի բարձր ցուցանիշներ ունենալու համար: Նա նկատեց, որ այդ ճանապարհին խնդիրները քիչ չեն:

«Գիտեք, լավ տրամադրված լինելուց բացի, պետք է լինեն համապատասխան հնարավորություններ ցանկալի արդյունքին հասնելու համար, սակայն մեր դեպքում դրանք շատ չեն: Միջազգային կառույցների հետ հարաբերվելը սահմանափակ է, շատերն ուզում են ավելի շատ բարեգործություն անել, քան ներդրում: Այդուհանդերձ, այսքանով հանդերձ մենք կարողանում ենք ունենալ բարձր աճ: Այո, դժվարին աշխատանք է պահանջվում բոլորիցս»,-ասաց Արայիկ Հարությունյանը: Նա նկատեց, որ նախկինում ներդրում կատարած գործարարներից շատերը սկսել են ընդլայնել իրենց գործունեությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում