Մշակույթ

Արմեն Ամիրյանը բավարար չի գնահատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաշվետվությունը

2 րոպեի ընթերցում

Արմեն Ամիրյանը բավարար չի գնահատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաշվետվությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բավարար չի գնահատել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբանյանի ներկայացրած կիսամյակային հաշվետվությունը, դրանում ամրագրված ֆինանսական ցուցանիշներն ու ՊՈԱԿ-ի վարած «հրավիրատոմսային քաղաքականությունը»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Երիտասարդական նվագախմբի ներկայացրած հաշվետվությանը ծանոթանալուց հետո Արմեն Ամիրյանը հանձնարարել է ներկայանալ առողջացման ծրագրով:

«Որքան շատ տոմս վաճառեք, այնքան շատ մարդու հաղորդակից կդարձնեք ձեր արվեստին: Սակայն լավագույն հանդիսատեսը նա է, որը տոմս է գնել ու եկել համերգին, իսկ անվճար հրավիրատոմսը փոխում է մարդու հոգեբանությունը: Հանդիսատեսը մտածում է՝ միևնույն է, հրավիրատոմսը անվճար բաժանելու են, դուք էլ ձեր հերթին եք մտածում՝ պետությունը վճարելու է»,-ասել է նախարարն ու հորդորել, որ փոխեն այդ մտայնությունը:

Արմեն Ամիրյանը նկատել է, որ նրանք կառավարման մեխանիզմներին շատ լավ տիրապետում են, սակայն ցուցանիշները չեն համապատասխանում իրենց ստեղծագործական ու կառավարչական որակին: Նախարարը հանձնարարել է կարգավորել տոմսային տնտեսությունը, գտնել հավելյալ եկամուտներ վաստակելու ուղիներ, կազմակերպել հետաքրքիր, ինքնատիպ լուծումներով համերգներ, աշխատել հուշանվերային փաթեթների ուղղությամբ:

«Ուզում եմ տեսնել ջանք, աշխատանք, նոր, հետաքրքիր մտքեր: Մտածեք ու մշակեք ծրագրեր, որպեսզի հաջորդ կիսամյակը լինի ավելի առողջ»,-եզրափակել է նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում