Տուրիզմ

10 լավագույն վայրերը՝ դեպի Արցախ ճամփորդությունը հիշարժան դարձնելու համար

10 րոպեի ընթերցում

10 լավագույն վայրերը՝ դեպի Արցախ ճամփորդությունը հիշարժան դարձնելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի զբոսաշրջային վայրերը բազմազան են. դրանք առաջարկում են յուրօրինակ տպավորություններ թե՛ հնագիտական պեղումներով հետաքրքրվողներին, թե՛ ճարտարապետական ինքնատիպ ոճն ու հետաքրքիր լուծումները գնահատողներին եւ թե՛ արկածային զբոսաշրջության սիրահարներին: «Արմենպրես»-ն առանձնացրել է Արցախի 10 լավագույն վայրերը, որոնք արժե տեսնել եւ ուսումնասիրել:

Ջդրդուզ-Հունոտի կիրճ

Եթե ցանկանում եք տեսնել արցախյան բնության ողջ հմայքը, ապա անպայման պետք է այցելեք Ջդրդուզ, նույն ինքը՝ Կատարոտ, որը գտնվում է հենց Շուշի քաղաքի եզրին՝ ժայռերի գագաթին: Քարքարոտ ոլորաններ, հնագույն ջրաղացների ավերակներ, մարտահրավերային կամուրջներ, ամեն քայլափոխի հանդիպող զվարճալի փայտե մարդուկներ, հանգստանալու համար նախատեսված նստարաններ, ի վերջո զբոսաշրջիկներ. ահա այն ամենը, ինչը կտեսնեք դեպի Ջդրդուզի հենց ներքեւում գտնվող Հունոտի կիրճ տանող ճանապարհին, որը սկսվում է Մխիթարաշենից: Ճանապարհը ճիշտ կազմակերպելու հարցում ձեզ կօգնեն երեք տարբեր գույների ուղեցույցները, որոնցից կապույտը կտանի դեպի չտեսնված Մամռոտ Քար ջրվեժը, որը հայտնի է նաեւ «Զոնտիկներ» անվանմամբ, կարմիրը՝ դեպի Ամարաթ և Զույգ Աչք քարանձավներ, իսկ կանաչը՝ դեպի Հունոտ գյուղի ավերակները, կամարաձեւ քարե կամուրջը և ականակիտ աղբյուրները:

Տնջրի

Արցախի զարդերից մեկը հսկայական չինարիծառն է՝ Տնջրին: Ստեփանակերտից 37 կմ հյուսիս, Հյուսիս-հարավ մայրուղուց ոչ հեռու Սխտորաշեն գյուղի մոտակայքում գտնվող ծառն արդեն շուրջ 2035 տարեկան է, ունի 27 մ շառավիղ, 54 մ բարձրություն և մինչև կես մետրի հասնող տերևներ: Բնի ներքին շառավիղը 44 մ2է, ինչի շնորհիվ այնտեղ տեղավորվում է 100 հոգի: Դեռեւս խորհրդային տարիներից նրան շնորհվել էր վկայական ԽՍՀՄ տարածքում ամենատարեց եւ ամենախոշոր ծառը լինելու մասին: Տնջրիի շրջակայքում կարելի է տեսնել բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ: Արցախցիների համար Տնջրին պարզապես ծառ չէ. այն ուխտատեղի է:

Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի

Շուշին Արցախի մշակութային քաղաքներից է: Հին պատմական շենքերից, թանգարաններից բացի զբոսաշրջիկների ուշադրությանը կարելի է գրավել քաղաքի մայր տաճարը՝ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, որը կառուցվել է քաղաքի կենտրոնում 19-րդ դարում: Որպես ճարտարապետական կառույց՝ այն գրավում էոչ միայն իր գույնով,այլեւ յուրօրինակ գմբեթով եւ փորագրություններով:Տաճարի դիմաց կառուցված էզանգակատունը:Եկեղեցին ունի մի հատված,որտեղ ակուստիկ հատկությունների շնորհիվ փոխվում է մարդու ձայնը.այն կարծես դառնում է օտար:

Տիգրանակերտ

Հայոց արքաներից Տիգրան Մեծի անունը կրող Տիգրանակերտ քաղաքը Արցախի Մարտունու շրջանում է: Այն կառուցվել է Ք.ա 1-ին դարում: 2008 թվականին քաղաքի պեղումների վայրում ստեղծվել է պետական պատմամշակութային արգելոց, որտեղ այցելուները կարող են ստանալ մեծածավալ տեղեկատվություն քաղաքի դարավոր պատմության մասին: Տիգրանակերտի տարածքում իրականացվել են բազմաթիվ պեղումներ, որոնցից մեկի ժամանակ հայտնաբերվել է երկու կարասային գերեզմանոց: 2005 թվականին քաղաքի և նրա տարբեր ծայրամասերի պեղումները ցույց են տվել, որ Տիգրանակերտը միջնադարյան դասական քաղաքների օրինակով ունեցել է պատվարով ամրացված թաղամաս, առեւտրաարհեստավորական կամ կենտրոնական թաղամաս, ընդարձակ գյուղատնտեսական արվարձաններ:

Գանձասար

Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Գանձասարի վանական համալիրը՝ որպես ճարտարապետական եզակի կոթող, անտարբեր չի թողնում զբոսաշրջիկներին, ովքեր հատկապես ամառվա շրջանում ընտրում են Արցախը որպես զբոսաշրջային ուղղություն: 13-րդ դարում կառուցված վանական համալիրը Վանք գյուղի մոտակայքում է. դեռեւս 2000-ականներին մեկնարկեցին վանական համալիրի վերականգնման աշխատանքները:Գանձասարի պատմության՝ 11 լեզվով թարգմանված գիրքը առավել ընկալունակ եւ մատչելի է դարձնում զբոսաշրջիկների այցը դեպի վանական համալիր: Վանքի մոտակայքում նաեւ կարելի է տեսնել Գանձասարի մատենադարանը, որը նույնպես կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Արցախյան մատենադարանում կարելի է ծանոթանալ վաղ միջնադարից մինչև նոր շրջանն ընդգրկող ձեռագրերին եւ հնատիպ գրքերին:

Կաչաղակաբերդ

Կաչաղակաբերդը գտնվում է Արցախի Պտերեցկ և Քոլատակ գյուղերի միջև: Լեռան գագաթը, որի վրա կանգնած է բերդը, հատկապես տեսանելի է Ստեփանակերտից Գանձասար գնալու ճանապարհից: Երեք կողմերից բերդը շրջապատող հարթ ժայռերը այն դարձրել են անառիկ: Չորրորդ կողմը համեմատաբար հասանելի է, որտեղ էլ հավանաբար գտնվում է բերդի մուտքը: Ըստ պատմություններից մեկի՝ ժողովուրդն ամրոցը կոչել է «Կաչաղակաբերդ», քանի որ այն միայն կաչաղակներին է հասանելի եղել։ Բերդը նաեւ ստացել է «Սղսղան» անունը, քանի որ բազմաթիվ դեպքեր են լինում, երբ մարդիկ բերդին հասնելու ճանապարհին սահում են եւ այդպես էլ գագաթին չեն կարողանում հասնել:

Ազոխի քարանձավ

Ազոխի քարանձավը կարևոր հնագիտական վայր է, որը գտնվում է Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղի մոտ: Դեռեւս 1968 թվականին այնտեղ իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերվել է Նեանդերթալ նախամարդու ծնոտոսկրը, որը 300.000 տարեկան էր: Այն աշխարհի ամենահին մարդկային մնացորդներից է, որը գիտական գրականության մեջ զբաղեցնում է 5-րդ տեղը: Ազոխի քարանձավը պետական բնապատմական արգելոց է, որը ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի հնագետների ուշադրության կենտրոնում է: 2016 թվականին արտերկրում լույստեսավ«Ազոխիքարանձավըևկովկասյանմիջանցքը» (Azokh cave and the Transcaucasian corridor) խորագիրը կրող գիրքը,որըներկայացնում է ավելի քան տասը տարի ձգված հնագիտական աշխատանքների արդյունքները:

Դադիվանք

9-13-րդ դարերում կառուցված Դադիվանքը եւս Արցախի պատմական վանական համալիրներից է, որը գտնվում է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում: Ըստ լեգենդի` եկեղեցին հիﬓվել է 1-ին դարում Քրիստոսի առաքյալներից Թադեւոսի հետեւորդ Դադիի կողﬕց, ում մասունքները հայտնաբերվել են վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ իրականացված պեղումների ժամանակ: Դադիվանքի վանական համալիրն ընդգրկում է Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին, որի որմնանկարները արտասահմանցի մասնագետների օգնությամբ մաքրվել եւ նորոգվել են, մատուռը, գավիթները, խաչքարերը, ինչպես նաեւ կից կառուցված եռահարկ զանգակատունը: Վանական համալիրում կա մի պատ. մարդիկ հավատում են, որ եթե երազանք պահես եւ մոտակայքում հանդիպող քարերից մեկն այնպես հպես պատին, որ այն չընկնի, ապա երազանքը կիրականանա: Ըստ 2001 թվականի հոկտեմբերի 8-ինԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 16 անդամների կողմից ստորագրված փաստաթղթի՝ Դադիվանքի ավերումը Արցախում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է: Հայկական զորքերն ազատագրել են Դադիվանքը 1993 թվականին՝ մարտի 31-ին:

Դիզափայտ լեռ

Այն գտնվում է Արցախի Հադրութի շրջանում, ծովի մակարդակից բարձր է 2478 մետր: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը, որի անունն է կրում Հադրութի շրջանի Տող գյուղում հիմնադրված բավականին հայտնի «Կատարո» գինիների գործարանը: Դիզափայտիլեռնագագաթն Արցախի պատմական սրբավայրերից է։

Janapar Trail հետիոտն արշավային երթուղի

Այն ձգվում է Վարդենիսից մինչև Հադրութի շրջան: 13 տարբեր երկարության երթուղիներից բաղկացած արահետը հնարավորություն է ընձեռում ճանապարհորդներին անցնելու Արցախի լեռնային հատվածներով: Արահետը հատուկ նախագծվել է այնպես, որ ամեն երթուղու ավարտը տեղի է ունենում երթուղու վրա գտնվող գյուղերի մեջ, ինչը լավ հնարավորություն է տալիս ճամփորդներին սնվելու, գիշերակացի և տեղացիների հետ շփվելու համար:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հուլիսի 22-24-ը հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ճանաչողական այց դեպի Արցախ: Հայաստանյան 5 մեդիաընկերությունների 8 ներկայացուցիչների համար կազմակերպվել են մի շարք էքսկուրսիաներ դեպի Արցախի հիմնական զբոսաշրջավայրեր, տեղեկատվություն է փոխանցվել արցախյան զբոսաշրջային ներուժի, Արցախում գործող թանգարանների, պետական պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջության բնագավառին առնչվող այլ ուղղությունների մասին` նյութեր պատրաստելու և զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում