Հարլեմ Դեզիրը վերստին հորդորել է Թուրքիային ազատ արձակել լրագրողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը հերթական անգամ կոչ է արել Թուրքիայի իշխանություններին հանել լրագրողների դեմ ներկայացված մեղադրանքները և ազատ արձակել նրանց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, Դեզիրը կարևոր քայլ է համարել հուլիսի 28-ին դատարանի կողմից ընդունված վճիռը «Ջումհուրիեթ» պարբերականի կալանավորված 11 աշխատակիցներից յոթին ազատ արձակելու վերաբերյալ:

«Սակայն այն փաստը, որ լրագրողների զգալի մասը վերադարձել է բանտ և շարունակում է լուրջ քրեական հետապնդումների ենթարկվել, ապացույցն է նրա, որ Թուրքիայում մեդիայի ազատությունը կրիտիկական վիճակում է»,- ասել է Դեզիրը:

Նա ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ դատական առաջին լսումների ժամանակ չի ապացուցվել լրագրողների դեմ ներկայացված մեղքը: «Բոլոր լրագրողները պետք է ազատ արձակվեն՝ առանց կամայական բերման ենթարկման»,- հայտարարել է ԵԱՀԿ հանձնակատարը:

Թուրքիայի առաջատար լրատվամիջոցներից մեկի՝ «Ջումհուրիեթ»-ի աշխատակիցների դեմ դատական գործընթացը մեկնարկել է հուլիսի 24-ից: Որպես կասկածյալ են ներգրավված «Ջումհուրիեթ»-ի 17 աշխատակից, այդ թվում և գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն, գործադիր տնօրեն Աքըն Աթալայը: Նրանցից 11-ը գտնվում էին կալանքի տակ, մյուս վեցը՝ երկրից դուրս չգալու պայմանով ազատության մեջ են: Բացի այդ, հետախուզման մեջ են հայտարարված պարբերականի երկու աշխատակից, այդ թվում և նախկին գլխավոր խմբագիր, թուրք առաջատար լրագրող Ջան Դյունդարը:

Հուլիսի 28-ին դատարանը որոշում է կայացրել կալանավորված յոթ կասկածյալներին ազատ արձակելու մասին: Չորսը, այդ թվում և ներկայիս գլխավոր խմբագիր Սաբունջուն, կշարունակեն կալանքի տակ մնալ:

«Ջումհուրիեթ»-ի աշխատակիցները մեղադրվում են «զինված ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ այդ խմբավորմանն աջակցելու», «հանցախմբի անդամ լինելու» մեջ: Նրանց համար պահանջվում է 7.5-ից մինչև 43 տարվա ազատազրկում:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին