Տարածաշրջանային

Գերմանիան առկախում է Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած նախագծերը. Bild

3 րոպեի ընթերցում

Գերմանիան առկախում է Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած նախագծերը. Bild

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական հայտնի Bild պարբերականը հայտնում է, որ Գերմանիան որոշում է կայացրել առկախել Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում ունեցած բոլոր նախագծերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվամիջոցը, հենվելով Գերմանիայի կառավարության կազմում ունեցած իր աղբյուրների վրա, հայտնում է, որ որոշումը վերաբերելու է ինչպես գործող, այնպես էլ ապագայում նախատեսվելիք նախագծերին:

Bild-ը նշում է, որ պաշտոնական Բեռլինի որոշման վրա ազդել է թուրք-գերմանական հարաբերություններում առաջացած վերջին լարվածությունը՝ պայմանավորված Թուրքիայում գերմանացի իրավապաշտպանի կալանավորման փաստով: Ուշագրավ է, որ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է պաշտոնական որևէ մեկնաբանություն տալ:

Գերմանիան Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընին հուլիսի 19-ին կանչել էր արտաքին գործերի նախարարություն և բողոքի նոտա հղել պաշտոնական Անկարային՝ կապված Ստամբուլում գերմանացի իրավապաշտպան Պետեր Ստոյդթներին ձերբակալելու, ապա նաև կալանավորելու հետ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ՝ մեղադրելով Գերմանիայի կառավարությանը իր երկրի ներքին գործերին ու դատական համակարգին միջամտելու մեջ:

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը իրավապաշտպանի կալանավորումից հետո կիսատ է թողել արձակուրդն ու վերադարձել է Բեռլին: Նա հուլիսի 20-ին հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ Գերմանիան փոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ:

Նա պահանջել էր անմիջապես ազատ արձակել Ստոյդթներին ու կալանավորված մյուս իրավապաշտպաններին: Գաբրիելը հայտնել էր, որ սկզբնական փուլում Թուրքիային ուղղված քայլեր են ձեռնարկելու երեք տարբեր կետերով. ոչ ոքի խորհուրդ չտալ ներդրումներ անել մի երկրում, որտեղ օրենքը երաշխավորված չէ, նախազգուշացնել Թուրքիա մեկնել պատրաստվող Գերմանիայի քաղաքացիներին, վերանայել Թուրքիային ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը:

«Միշտ համբերատար ենք եղել Թուրքիայի նկատմամբ, անգամ երբ այդ երկրի իշխանությունները Գերմանիային ֆաշիստ անվանեցին:Սակայն այդ համբերությունն արդեն հատվում է»,- նշել է արտգործնախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում