Հասարակական

Գարեգին Բ Կաթողիկոսը կարևորել է քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների հոգևոր խնամքը

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բ Կաթողիկոսը կարևորել է քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների հոգևոր խնամքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին՝ Քրեակատարողական հիմնարկների հովվության պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանի ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վիճակին և վարչության գործունեությանը, քննարկվել են նաև հիմնարկներում իրականացվող հոգևոր սպասավորության հետ առնչված հարցեր:

Նորին Սրբությունը կարևորել է քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների հոգևոր խնամքը` ընդգծելով, որ ստեղծված հովվությունն այդ առումով պատասխանատու առաքելություն ունի: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերել Ռուբեն վարդապետին և հովվության 10 հոգևոր սպասավորներին` նրանց նվիրյալ և հետևողական աշխատանքի համար: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել ՔԿՀ վարչության պետին` հովվությանը ցուցաբերվող աջակցության համար:

Իր հերթին պրն Արթուր Օսիկյանն ազատազրկվածների հոգևոր կյանքի կազմակերպման առումով կարևոր է համարել հոգևորականների դերակատարությունը` փաստելով նրանց պարբերական այցելությունների դրական ներգործությունը: Այս առիթով ՔԿՀ վարչության պետը նաև շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը ոլորտի խնդիրների նկատմամբ դրսևորվող մշտական ուշադրության համար:

Զրույցի ժամանակ քննարկվել են Մայր Աթոռի և ՔԿՀ վարչության միջև համագործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում