Հայաստանում էլեկտրոնային համակարգով կկանխեն սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչի չարաշահումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոնային համակարգի ներդրումը սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության ոլորտում դյուրին և վերահսկելի կդարձնի գործընթացը՝ կանխելով չարաշահումները: Նախատեսված է նաև զբոսաշրջային օպերատորների և շահառուների միջև կնքվող օրինակելի պայմանագրերի ձևերի սահմանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը խոսեց նոր մշակված նախագծի մասին, որը դեռևս կառավարության աշխատանքային քննարկման փուլում է:

«Սոցիալական փաթեթների չարաշահումները կանխելու նպատակով մասնավոր հատվածի և պետական կառավարման շահագրգիռ մարմինների հետ քննարկել ենք որոշակի մեխանիզմներ: Կարգում իրականացվել են համապատասխան փոփոխություններ, մշակվել է նախագիծ և ներկայացվել կառավարություն: Փոփոխված նախագիծը ենթադրում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության էլեկտրոնային համակարգի ներդրում, որն ավելի թափանցիկ և վերահսկելի կդարձնի գործընթացը: Այն նաև ավելի հեշտ կիրառելի կլինի թե զբոսաշրջային օպերատորների, թե շահառուների համար: Օպերատորները ստիպված չեն լինի եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել, այլ մենք ամեն օր կտեսնենք այն էլեկտրոնային համակարգի միջոցով»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նախատեսված է նաև օրինակելի պայմանագրերի ձևերի սահմանում, որը զբոսաշրջային օպերատորները պետք է կնքեն շահառուների հետ: Հստակեցվել են բոլոր պահանջները: Ապրեսյանի պնդմամբ՝ սկզբնական շրջանում պետական միջամտությունը նվազագույնի էր հասցված զբոսաշրջային օպերատորների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և շահառուների միջև հարաբերություններում: Զբոսաշրջային օպերատորները ձևավորում էին փաթեթներ ու վաճառում: Միջամտությունը մի փոքր ավելին էր զբոսաշրջային օպերատոր և շահառու հարաբերություններում, որպեսզի շահառուի շահերը հնարավորինս պաշտպանված լինեին: Սակայն զարգացումները ցույց տվեցին, որ պետության միջամտությունը պետք է մեծացնել:

«Նոր նախագծով ավելանում է պետության միջամտությունը նաև զբոսաշրջային օպերատորների և հյուրանոցային տնտեսության օբյեկտների միջև հարաբերություններում: Սահմանվում են որոշակի պայմաններ, ըստ որոնց՝ զբոսաշրջային օպերատորը հյուրանոցային տնտեսության հետ կնքած պայմանագիրը պարբերաբար խախտելու դեպքում կկրի պատասխանատվություն՝ դուրս գալով սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունից» ,-ասաց նա ու հավելեց, որ էլեկտրոնային համակարգը ենթադրում է նաև անհատական մոտեցման կարևորության բարձրացում, ինչը ևս կբարձրացնի ծառայությունների որակը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն