Ֆուտուրոլոգը 21-րդ դարի կարևորագույն ձեռքբերում է համարում արհեստական բանականությունը

5 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապագայում տեխնոլոգիաների և մարդու սերտացումը ավելի ակտիվ է լինելու, ինչը կունենա թե բացասական , թե դրական հետևանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության 20-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ֆուտուրոլոգ (ապագայագետ), մարդկանց վարքի եւ կազմակերպությունների վրա նոր տեխնոլոգիաների ազդեցության վերլուծաբան Ժան-Քրիստոֆ Բոնին:

«Նոր տեխնոլոգիաները մեծ ազդեցություն են թողնում մեր կյանքում և մեծ ազդեցություն կթողնեն ապագայում: 15-րդ դարում Գուտենբերգը, հորինելով տպագրությունը, կարողացել է փոխել մարդու մտքի փոխանակման տեսակը, քանզի մարդը հնարավորություն ունեցավ դրանից հետո հեշտությամբ մտքերը տպագրել: Ներկայումս աշխարհում ամեն ինչ թվայնացվում է, և մարդը մեկ մատի օգնությամբ կարող է գործարկել ցանկացած հավելված: Ձեզ պետք է մեքենա պատվիրել` դրա համար անհրաժեշտ է ընդամենը հավելված»,- ընդգծեց Բոնին:

Ըստ ֆուտուրոլոգի` տեխնոլոգիաների և մարդու սերտացումը տարեցտարի ավելի է ընդգծվելու, և ոչ բոլորն են պատրաստ այդ ամենին, ուստի անհրաժեշտություն կա կրթության մակարդակը բարձրացնել աշխարհում:

«Մենք պետք է շեշտը դնենք կրթության վրա և պատրաստենք մարդկանց, որ նրանք հասկանան, թե ինչ է կատարվում և ինչպես կարելի է հարմարվել նոր տեխնոլոգիաներին: 1995 թվականին Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում գրել է գիրք , որտեղ նա նշել է, որ առավել հզոր զենքը աշխարհում կրթություն է »,- ասաց Բոնին

Ըստ նրա` եթե 20-րդ դարի մարդկության ամենաարժեքավոր ձեռքբերումը եղել է ատոմային զենքը, ապա 21-րդ դարի ձեռքբերումը կլինի արհեստական բանականությունը:

«Դուք իսկապե՞ս մտածում եք, որ աշխարհի որևէ երկրում չեն ձեռնարկի ստեղծել նման տեխնոլոգիա, իհարկե դա կլինի և ես վստահեմ դրանում: Եվ դա կլինի հիմնական մարտավարական նպատակը շատ պետությունների համար»,-ընդգծեց Բոնին:

Ֆուտուրոլոգի կարծիքով` 20 տարի հետո վերանալու են մի քանի տասնյակ մասնագիտություններ և միլիոնավոր մարդիկ կարող են գործազուրկ մնալ:

«Արդեն իսկ երեք պետություն անցում է կատարում ավտոմատացման տարբեր ոլորտներում ` Ճապոնիան, Գերմանիան և Հարավային Կորեան: Մեկ ռոբոտը փոխարինում է տասը մարդու, և տեխնոլոգիաների զարգացումը կփոխի հասարակությունը: Հասարակությունն արդեն իսկ փոխվում է տեխնոլոգիաների ազդեցությունից և այդ փոփոխությունը ավելի ու ավելի է արագանալու: Սակայն երբ տաքսու վարորդի կամ այլ մասնագիտության անհրաժեշտությունը վերանա, նոր սերնդի համար կառաջանան նոր մասնագիտություններ»,- նշեց վերլուծաբանը:

Ըստ Ժան-Քրիստոֆ Բոնիի` մարդը կօգտագործի տեխնոլոգիաների ողջ ներուժն՝ իր նպատակին հասնելու և կարիքները բավարարելու համար:

«Շատ հնարավոր է՝ 20 տարի հետո կլինեն մարդանման ռոբոտներ, որոնց կարելի կլինի անել այն ,ինչը չի կարելի անել մարդու նկատմամբ: Հնարավոր է՝ գա ժամանակ, երբ մարդիկ կասեն, որ ռոբոտները ոչ մարդ են, ոչ կենդանի և նրանք չունեն որևէ իրավունքներ: Հնարավոր է, որ ստեղծվի հատուկ կազմակերպություն, որը կպաշտպանի ռոբոտների իրավունքները»,- ասաց Բոնին:

Գիտնականը մտահոգիչ է համարում աշխարհի անհամաչափ զարգացումը և կարծում է, որ պետք է բոլորին հնարավորություն ընձեռվի օգտվել նոր տեխնոլոգիաներից:

«Մենք իսկապես բաժանել ենք մարդկությունը երկու մասի` ովքեր ունեն գումար և ովքեր չունեն գումար, ինչպես նաև ովքեր ունեն տեղեկատվություն և չունեն այն: Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում ամբողջությամբ ուրիշ խնդիրներ են` նրանք ունեն ջրի, լույսի խնդիր և այդ մարդիկ ուղղակի գոյատևում են: Կարծում եմ՝ ապագայում մարդիկ կբաժանվեն երկու խմբերի` ովքեր ունեն տեխնոլոգիապես ավելի շատ ֆունկցիաներ և ովքեր չունեն: Ուստի, նոր տեխնոլոգիաներից օգտվելու և կրթվելու հնարավորություն պետք է տալ բոլորին»,- եզրափակեց Բոնին:

Կարեն Խաչատրյան

Հայերեն English

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանի անկախության 35-ամյակը

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը