ՀՀ 328 համայնքների միավորմամբ կձևավորվի 34 համայնք. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց համայնքների խոշորացման ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 57, դեմ՝ 24 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ հարկավոր է հնարավորինս կարճ ժամկետում համապարփակ վերլուծություն ունենալ, թե ինչ արդյունքներ են տվել համայնքների խոշորացման փորձնական ծրագրերը՝ հասկանալու համար, թե որքանով է արդյունավետ խոշորացման ճանապարհով գնալը: «Սա այն հարցն է, որտեղ չի կարելի զգացմունքային դաշտում որոշումներ կայացնել: Մենք պետք է հստակ իմանանք, թե ինչ արդյունքների է հանգեցնելու այս գործընթացը: Մենք, ինչպես առաջին ընթերցման պարագայում, այնպես էլ հիմա, չենք մասնակցելու քվեարկությանը»,- ասաց Փաշինյանը:

«Ծառուկյան» խմբակցությունը, ինչպես առաջին ընթերցման դեպքում, այնպես էլ երկրորդ ընթերցմամբ, մասնակցեց քվեարկությանը և դեմ քվեարկեց:

Համայնքների խոշորացման նոր ծրագրով Հայաստանի տարբեր մարզերի 328 համայնքներ կմիավորվեն, ինչի արդյունքում կձևավորվի 34 համայնք: Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման 34 ծրագրեր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Մասրիկ, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան, Ախթալա, Սարչապետ, Տաշիր, Օձուն, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 91, դեմ՝ 1 պատգամավոր:

Հայերեն

Քասախ համայնքի նախկին ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Իրանի արվեստի թանգարանի համալիրում կայացել է ՀՀ Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է ԵՊՀ նախաձեռնությամբ կազմակերպված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026» ամենամյա միջոցառմանը

Էլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման գործում MIT-ի հետ համագործակցության հնարավորությունները

Հռոմում կայացել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված Գալա-համերգ

Թեղուտի հանքավայրի նոր սեփականատերը մտադիր է շարունակել մեծությամբ երկրորդ պղնձի հանքավայրի շահագործումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին

Թուրք փորձագետը համոզված է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան հասել են կարևորագույն հանգրվանի

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է Ադրբեջանի ընտրանուն