Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները լույս աշխարհ են եկել
2 րոպեի ընթերցում
![Ջորջ և Ամալ Քլունիների երկվորյակները լույս աշխարհ են եկել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/893847.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և հայտնի փաստաբան Ամալ Քլունին երկվորյակ են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական Tepelgraph-ը, զույգի խոսնակը հաստատել է երեխաների ծնունդը՝ հայտնելով, որ ծնվել է աղջիկ և տղա, ում զույգն անվանել է Էլլա և Ալեքսանդր:
«Այս առավոտյան Ամալը և Ջորջը ողջունեցին Էլլա և Ալեքսանդր Քլունիների գալուստն իրենց կյանք: Էլլան, Ալեքսանդրը և Ամալն առողջ են, ուրախ ու երջանիկ»,- հայտնել է նա՝ կատակելով, որ Ջորջ Քլունին «հանգստանում է և կկազդուրվի մի քանի օրից»:
Tepelgraph-ը գրում է, որ երեխաների ծննդի կապակցությամբ Քլունին չէր կարողացել ներկա գտնվել Երևանում «Ավրորա» մարդասիրական մրցանակի հանձնման արարողությանը: «Ես իսկապես կցանկանայի լինել Հայաստանում, սակայն եթե ես գայի, իսկ այդ ընթացքում կինս երեխա ունենար, ես այլևս երբեք չէի կարողանա տուն վերադառնալ»,- արարողությանը տեսաուղերձով ասել էր դերասանը:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ մայիսի վերջին Անգլիայում զույգին էր այցելել նրանց ընկերը՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:
Նշենք, որ երկվորյակները 56-ամյա դերասան Ջորջ Քլունիի ու 39-ամյա փաստաբան Ամալ Քլունիի առաջին զավակներն են: