Հասարակական

Չլիներ 1918թ. մայիսի 28-ը, չէր լինելու նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

Չլիներ 1918թ. մայիսի 28-ը, չէր լինելու նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը. Սերժ Սարգսյան

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսյան հերոսամարտերում՝ Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի ճակատամարտերում, հայ ժողովրդի նախնիները նվաճեցին հայ ազգի ապրելու և հարատևելու իրավունքը։Սարդարապատի հուշահամալիրում հանրապետության տոնին նվիրված միջոցառմանն այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այդ կռիվները բնաջնջման եզրին հայտնված ազգի վերջին ճիգերն էին՝ կյանքի գնով պաշտպանելու մեր պատմական հայրենիքի հողակտորները և փրկելու մեր ժողովրդի վերջին բեկորները։ Այդ անհավանական թվացող սխրանքը գործեցին մեր ժողովրդի բոլոր շերտերը, ովքեր գործեցին բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ։ Անձնազոհ խիզախությամբ և աննահանջ կամքով, գործեցին ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ Նախագահը։

Նա հավելեց, որ այդ տարիներին նորանկախ Հայաստանը ծնվեց Առաջին Աշխարհամարտի համազարկերի տարափի ներքո։

«Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն՝ չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, չէր լինելու նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը»։

ՀՀ Նախագահի ելույթից հետո ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեց մայիսյան հերոսամարտերի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Սարդարապատում տեղի ունեցավ հանդիսավոր քայլերթ նվիրված Հանրապետության տոնին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում