2017թ. Հայաստանի տնտեսության կայունացման և ապաքինման տարի է. Վարդան Արամյանի հարցազրույցը Emerging Europe-ին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշում է, որ 2017 թվականին Հայաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախարարը նշել է «Emerging Europe» հեղինակավոր պարբերականին տված հարցազրույցում:

Արամյանը հարցազրույցի ընթացքում պատմել է երկրի աճող մակրոտնտեսական կայունության և կանխատեսումների, ինչպես նաև գործարար միջավայրը բարելավող բարեփոխումների մասին:

Նախարարն, անդրադառնալով 2013-2015 թվականների տնտեսական աճի բարձր ցուցանիշներին, հիշեցրել է Հայաստանի համար 3 կարևոր գործոնների մասին, որոնք ազդել են երկրի տնտեսական ակտիվության վրա: Նրա խոսքով` 2011 թվականին կեսերին պղնձի գները հասել էին առավելագույնի` 1 տոննայի համար 9300 դոլարի, որից հետո աստիճանաբար սկսել են նվազել` 2016 թվականի սկզբին հասնելով նվազագույն ցուցանիշի: Ըստ նախարարի` դա մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, քանի որ երկիրն արտահանում է պղինձ և մոլիբդեն: Դրա հետ մեկտեղ, այդ ժամանակահատվածում խոշոր չափի կապիտալ ներհոսքերը զարգացող երկրներից տեղափոխվեցին զարգացած երկրներ:

Նախարարը նաև առանձնացրել է 2014 թվականին Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, քանի որ երկու երկրներն ունեն մի շարք տնտեսական կապեր:

«Մենք խստացրեցինք դրամավարկային քաղաքականությունը և փորձեցինք ուղղել անհարկի արժեզրկման հետ կապված բացասական սպասումները: Մեկ այլ տեսանկյունից` խստացված դրամավարկային քաղաքականության զսպվող ներգործությունը փոխհատուցելու համար, մենք մեղմեցինք ֆինանսական պայմանները և երկու տարի անընդմեջ թույլ տվեցինք մեծացնել դեֆիցիտը»,- ասել է նախարարը:

Արամյանը նաև հիշեցրել է, որ 2014 թվականի դեկտեմբերին դրամավարկային վերահսկողության մարմինները կտրուկ ավելացրել են պահուստային պահանջները` 12 տոկոսից հասցնելով 24-ի, իսկ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 8.5-ից` 10.5-ի:

«Այս գործողությունը նվազեցրեց ֆինանսական շուկայի մասնակիցների «ախորժակը» տեղական արժույթով փոխառություններ և դոլարով առևտուր իրականացնելու համար, քանի որ տեղական արժույթը դարձավ բավականին թանկ նման «խաղերի» համար: Մենք հասկանում էինք, որ այդ քայլը կունենա իր գինը, բայց միշտ հարկավոր է մի բան զոհաբերել ինչ-որ այլ բան ստանալու համար: Մենք արժույթային շուկայում չունեցանք այնպիսի ցնցումներ, ինչպես եղավ Ադրբեջանում Ղազախստանում, Բելառուսում կամ Ռուսաստանում: Մենք պահպանեցինք բավականին ճկուն ֆինանսական քաղաքականությունը: Իր հերթին, այն մեր վրա անդրադարձավ պետական պարտքի ավելացմամբ, քանի որ մենք ստիպված էինք փոխառու միջոցներ ներգրավել և ֆինանսավորել բյուջեի դեֆիցիտը: Այն ավելի բարձր եղավ, քան նախատեսվել էր 2015 և 2016 թվականների համար: Այդ պատճառով էլ մենք 2015 թվականին դեֆիցիտ/ՀՆԱ նախատեսված 3 տոկոսից շեղվեցինք դեպի 4.8 տոկոս: 2016 թվականին մենք զգացինք, որ դեռ չենք հաղթահարել ներքին բացասական այդ երևույթը, քանի որ նախատեսված 4 տոկոսից դեֆիցիտ/ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը հասավ 5.5 տոկոսի: Չնայած դրան` մենք հիմք ստեղծեցինք հետագայում հզոր կայունացման համար»,- նշել է Արամյանը:

Նախարարն, անդրադառնալով ՀՀ պետական պարտքի ցուցանիշին, ասել է, որ պարտքի կայունությունը կարևոր նախապայման է համարվում հարկաբյուջետային քաղաքականության համար: Նրա խոսքով` ներդրողները դիտարկում են` արդյոք մենք ունենք պարտքի աճի նկատմամբ համապատասխան վերահսկողություն:

«Մակրոտնտեսական կայունությունը կարևոր է օտարերկրյա ներդրողների համար: Այն ներդրողներ ներգրավելու համար առաջին կարևոր նախապայմանն է: Նրանց հարկավոր է տեսնել համապատասխան կանխատեսումներ և հստակ պատկերացումներ ունենալ այն մասին, թե ինչ և ինչպիսի քայլեր է իրականացնում կառավարությունն այդ ուղղությամբ: Եթե մենք չենք կարող բավարարել նրանց այդ պահանջը, ապա չենք էլ կարողանա նրանց հրավիրել մեր շուկա»,- ընդգծել է նա` հավելելով, որ միջնաժամկետ հեռանկարում կապահովվի պարտքի և մակրոտնտեսական կայունությունը:

Արամյանի կարծիքով` 2017 թվականը լինելու է կայունացման և ապաքինման տարի, իսկ 2018 և 2019 թվականների համար ակնկալում է ավելի բարձր տնտեսական ցուցանիշներ:

Հայերեն English

Փաշինյանը վերահաստատել է Ղարաբաղյան շարժումից հրաժարվելու իր դիրքորոշումը

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Վարչապետը զգուշացրել է նաև գործող իշխանության ներկայացուցիչներին հափշտակությունների համար պատասխանատվության մասին

Ֆիզիկայի ատեստավորման արդյունքները բավականին ցածր են, բոլոր բողոքները մանրամասն կդիտարկվեն. Ժաննա Անդրեասյան

ԱՄՆ նախագահն ու Կանադայի վարչապետը Շենժենում քննարկել են առևտրային համաձայնագիրը

Վարչապետը հայտնել է Թուրքիա էլեկտրաէներգիայի ուղիղ արտահանման ցանկության մասին

Վարչապետը պաշտպանել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցելու կառավարության քաղաքականությունը

Կոպեկ գողացողներին ուղարկելու ենք քրեակատարողական հիմնարկներ. ՀՀ վարչապետ

Հովտաշատի դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև փետրվար. Ժաննա Անդրեասյան

Հայ-վրացական համայնքային կապերի ամրապնդում՝ եվրոպական ինտեգրման ընդհանուր տեսլականով․ ստորագրվել է համագործակցության հուշագիր