1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը պետական բյուջեից կհատկացնի 560 մլն դրամ Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում (հիմնականում՝ Գյումրի քաղաքում) բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող 100 ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի ապրիլի 27-ի նիստի օրակարգում:
Արդյունքում, դեռևս լուծման կարիք կունենա ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերի 553 ընտանիքի բնակարանային խնդիրը, որի լուծման համար կպահանջվի մոտ 4 մլրդ դրամ:
ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաշվառված և աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 2008-2016 թվականների ընթացքում ծրագրի շահառու է ճանաչվել 5381 ընտանիք:
Նշված 5381 ընտանիքից 2008-2016 թվականներին մոտ 64 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիր: