Հովսեփ Խուրշուդյանն ընտրություններում անհաջողության մեջ մեծ է համարում ընդդիմության պատասխանատվությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններում ընդդիմությունը պարտություն կրեց, որովհետև չկարողացավ ժողովրդին համոզել, որ կարող է այլընտրանք լինել իշխանությանը: Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի տեղեկատվական կենտրոնի համակարգող, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը:
«Մեր դաշինքն ամեն ինչ արեց, որպեսզի կայանա ընդդիմության լայն կոնսոլիդացիա, որը կկարողանա այլընտրանք լինել իշխանությանը, սակայն, ցավոք, դա մեզ մոտ չստացվեց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա` հավելելով, որ անհաջողության մեջ մեծ է ընդդիմության պատասխանատվությունը:
Խուրշուդյանի խոսքով`ակնհայտ է, որ ժողովրդի մի լայն հատված, որը կարող էր գնալ և ձայն տալ կոնսոլիդացված ընդդիմությանը, այդպես էլ մինչև վերջ չկողմնորոշված մնաց, չմասնակցեց ընտրություններին, որոշ մասն էլ տրվեց ուղղորդմանը: Նա ընդգծեց, որ այս ամենը չի նշանակում, թե ամեն ինչ ավարտված է, և պետք չէ շարունակել պայքարը:
Հովսեփ Խուրշուդյանն այն կարծիքին է, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն և մտածեն պայքարը շարունակելու մասին` նկատելով, որ այդ պայքարը լինելու է արտախորհրդարանական և փողոցում: