ՍԵՊԱ-ի կատարողականը նորմալ վիճակում է, թեև դեռ կան կարևոր դրույթներ, որոնք պետք է կատարվեն․ քաղաքագետը ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունները գտնվում են շատ դրական և կարևոր փուլում, որովհետև համագործակցությունը գնալով խորանում է։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության միջև զարգացող հարաբերություններին։
«ՍԵՊԱ-ի (Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) կատարողականը նորմալ վիճակում է, թեև դեռ կան կարևոր դրույթներ, որոնք պետք է կատարվեն։ Դա, ըստ էության, այն տնային աշխատանքն է, որ մնացել է, և որի կատարումից հետո Հայաստանը կկարողանա ԵՄ-ի հետ կնքել շատ ավելի խորացված պայմանագրեր։ Խոսքը նախևառաջ ասոցացման համաձայնագրի մասին է, և ես հույս ունեմ, որ դրանով հնարավոր կլինի զբաղվել մոտ ապագայում։ Բայց դրա համար, իհարկե, անհրաժեշտ է դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից»,- ասաց Խուրշուդյանը։
Անդրադառնալով ԵՄ-ի հետ համագործակցության անվտանգային բաղադրիչին՝ քաղաքագետն ընդգծեց, որ Հայաստանի անվտանգության կարևոր բաղադրիչը Եվրամիության դիտորդական առաքելության գործունեությունն է։
«Դիտորդները թեև անզեն են, սակայն լուրջ դերակատարություն ունեցան Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների հանդեպ ոտնձգությունները դադարեցնելու առումով, քանի որ այն պահից, երբ նրանք տեղակայվել են սահմանի երկայնքով, այլևս նման ոտնձգություններ չեն եղել։ Բայց այստեղ կա ևս մեկ խնդիր։ Հայաստանը դեռ անցյալ տարվա ամռանը դիմել էր ԵՄ-ին՝ խաղաղության գործիքի կիրառման համար, այսինքն՝ խնդրել էր անհատույց ռազմական օժանդակություն, և, եթե դա սկզբում մերժվեց, ապա սեպտեմբերյան իրադարձություններից հետո ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների դրական դինամիկայի արագացման պայմաններում Եվրամիությունում վերոհիշյալ հարցի վերաբերյալ կար գրեթե կոնսենսուս, որպեսզի մեզ զենք-զրահատեխնիկա տրամադրվեր։ Դեմ էին Իտալիան և Հունգարիան։ Երբ նշվեց, որ խոսքը պաշտպանական սպառազինության ու վերապատրասման, ԵՄ-ի ստանդարտներով Հայաստանում գումարտակ ստեղծելու մասին է, Իտալիան հանեց իր վետոն, բայց Հունգարիան դեռ շարունակում է պահպանել իր վետոն՝ խոչընդոտելով 10 միլիոն եվրոյի ծախսը կյանքի կոչելուն»,- նշեց մեր զրուցակիցը։
Խուրշուդյանի դիտարկմամբ՝ այդ հանգամանքն ամենևին չի նշանակում, որ Հայաստանը ԵՄ անդամ երկրների հետ ռազմատեխնիկական ու ռազմարդյունաբերական համագործակցության զարգացման գործում ունի որոշակի խնդիրներ։ Ըստ նրա՝ ԵՄ-ն թեև սպեցիֆիկ կառույց է, որտեղ որոշումներ կայացնելիս գործում է կոնսենսուսի սկզբունքը, բայցևայնպես առանձին ֆորմատով պետություններն իրենք են որոշում, թե ինչ մատակարարումներ կարող են անել ցանկացած այլ երկրի, իհարկե, որոշակի պայմանների շրջանակում։
«Այն, որ Հայաստանը վավերացրել է Հռոմի ստատուտը, օգնում է նրան, որպեսզի այդ մատակարարումներն իրականացվեն նույնիսկ այն պայմաններում, երբ պաշտոնական Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, սակայն դեռ դուրս չի եկել այդ կառույցից։ Մենք արդեն տեսնում ենք լրջագույն ռազմական համագործակցություն Ֆրանսիայի, Հունաստանի և մի շարք այլ երկրների հետ, որոնց ցանկը գնալով ընդլայնվում է»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի համոզմամբ՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումն ուղղված չէ երրորդ երկրների, մասնավորապես Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։
«Դա արհեստական նարատիվ է, որ դրվում է շրջանառության մեջ՝ հայ-իրանական հարաբերություններում սեպ խրելու նկատառությամբ։ Այդ խոսույթը տարածում է նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը։ Տարօրինակ է նույնիսկ, որ հնչեցվում է տեսակետ, ըստ որի եվրոպական դիտորդները նաև լրտեսական, հետախուզական գործունեություն են իրականացնում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի դեմ։ Բարեբախտաբար, Իրանում կա այն ընկալումը, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ուղղված չէ իր դեմ, և այդ առթիվ Թեհրանում հանդես են եկել համապատասխան ուղերձներով։ Իրանին պարզապես մտահոգում է Հայաստանի ու ԱՄՆ-ի փոխգործակցության խորացումը, քանի որ վերջինիս դիտարկում է որպես թշնամի պետություն։ Ավելին, Հնդկաստանից Իրանի տարածքով Հայաստանի համար նախատեսված սպառազինության մատակարարումները դադարեցվեցին, երբ անցյալ տարվա սեպտեմբերին մեր երկրում տեղի ունեցան ամերիկյան կողմի հետ համատեղ զորավարժություններ»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով տնտեսական դիվերսիֆիկացիայի մասին՝ Խուրշուդյանը նշեց, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ ինտեգրվել եվրոպական շուկաներին, քանի որ կան մի քանի խոչընդոտներ։
«Խնդիրն այն է, որ մեր ապրանքների որակական չափանիշները չենք բարձրացվել այնքան, որ դրանք լիովին ընդունելի լինեն եվրոպական շուկաներում և համապատասխանեն նրանց ստանդարտներին։ Դրա համար Հայաստանի տնտեսությունն ու տնտեսվարողները պետք է անցնեն սերտիֆիկացման, որակի բարելավման լուրջ փուլ։ Երկրորդ խոչընդոտն այն է, որ մեր երկիրը մաս չի կազմում Եվրամիության ընդհանուր շուկային, այլ ինտեգրված է ԵԱՏՄ-ում և այդ կառույցում ընդգրկված երկրների միասնական մաքսային գոտում։ Մաքսային տարբերությունների պայմաններում մեր ապրանքները մրցունակության տեսակետից տուժում են, օրինակ, վրացական և ուկրաինական ապրանքների համեմատությամբ, քանի որ Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից ապրանքներն առանց որևէ մաքսի մտնում են Եվրոպա։ Իսկ երրորդ խնդիրն այն է, որ մեր շուկան բավականին փոքր է, և սահմանափակ արտադրական կարողությունները դժվար է սպառել եվրոպական ավելի մեծ շուկայում։ Միակ լուծումը կոոպերացիան է, հարևան երկրների, տվյալ դեպքում Վրաստանի հետ ջանքերի համախմբումը։ Եթե միասին կարողանանք մեծ խմբաքանակներ ապահովել եվրոպական շուկային, այդ դեպքում մեր ապրանքների մրցակցային հնարավորությունների հետ կապված խնդիրն այդքան զգայուն չի լինի»,- նշեց Խուրշուդյանը։
Նա չբացառեց նաև մյուս ուղղությունները, մասնավորապես՝ հարավայինն ու արևելյանը, այսինքն՝ Հարավային և Արևելյան Ասիան ու մեզանից հարավ ընկած Մերձավոր Արևելքի երկրները, որոնց հետ պետք է սերտորեն աշխատել՝ հայկական ապրանքների արտահանման ծավալները մեծացնելու նպատակով, ինչն ավելի հեշտ է, քանի որ պահանջներն այդքան խիստ չեն և կարելի է նշված ուղղություններով սպառել նույնիսկ փոքր քանակի հայկական ապրանքները, հետևաբար դիվերսիֆիկացիան, ըստ Խուրշուդյանի, պետք է իրականացնել համապատասխան ռազմավարություն մշակելուց հետո։
Անդրադառնալով նաև Հայաստանի ու Եվրամիության երկրների միջև վիզաների ազատականացման հարցին՝ քաղաքագետն ընդգծեց, որ դա հնարավոր է և դրա համար անհրաժեշտ է երկուստեք դրսևորել քաղաքական կամք։
«Արդեն կան լավ նախադրյալներ, որ շուտով կարող են սկսվել բանակցություններ նաև այդ ուղղությամբ։ ԵՄ-ում, անշուշտ, կա այն ընկալումը, թե որքան կարևոր է այդ հարցը Հայաստանի քաղաքացիների համար, ինչպես նաև մեր երկրի եվրաինտեգրման, հայերի հետ ավելի սերտ կապեր հաստատելու տեսանկյունից»,- եզրափակեց քաղաքագետը։
Մանվել Մարգարյան