Հովսեփ Խուրշուդյանը Արևմուտքին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի չորրոդ խմբի համակարգող, «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խորշուդյանն այն կարծիքին է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ կարևոր խնդիր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար: «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի համատեղ նիստում Հովսեփ Խուրշուդյանը ցավով նշեց, որ Արևմուտքը դեռևս ցանկություն չունի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ որպես խնդրի լուծման տարբերակ: «Այսօր արցախի քաղաքացիական հասարակությունը մնում է մեկուսացված Արևելյան գործընկերության գործընթացներից: Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, մարդկանց տարրական, հասարակական, քաղաքացիական խնդիրներով զբաղվող կազմակերպությունները Արևելյան գործընկերության որևէ համաժողովի մասնակցելու հնարավորությունից զրկված են, ինչը, կարծում եմ, որ պետք է փոխվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Խուրշուդյանը:
Հովսեփ Խուրշուդյանի տեսակետը պաշտպանեց նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ընդգծեց, թե ժամանակն է, որ Եվրոպայում այլևս «սև» տարածքներ չլինեն: «Եվ սա հատկապես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդի այն հայտարարությունից հետո, որ մարդու իրավունքների տեսակետից Եվրամիությունն ունի պարտավորություններ՝ հասանելի լինել այն հանրություններին, որոնք գտնվում են կոնֆլիկտային իրավիճակներում»,- ասաց Թևան Պողոսյանը: