Քաղաքականություն

Վերլուծաբանը ցանկալի է համարում համաձայնագրի շուտափույթ ստորագրումը, սակայն նշում՝ Բաքուն այս պահին դրան չի գնա

7 րոպեի ընթերցում

Վերլուծաբանը ցանկալի է համարում համաձայնագրի շուտափույթ ստորագրումը, սակայն նշում՝ Բաքուն այս պահին դրան չի գնա

Հասարակական գործիչ, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրումը կախված չէ միայն հայկական կողմից ու թեև ցանկալի է, որ պայմանագիրը հնարավորինս շուտ կնքվի, սակայն Ադրբեջանն, այդուհանդերձ, չի պատրաստվում այն ստորագրել։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովսեփ Խուրշուդյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարին և այդ հանգամանքով պայմանավորված իրողություններին։  

«Ադրբեջանն ի սկզբանե չէր նախատեսում պայմանագրի ստորագրում։ Առանձին կետերի վերաբերյալ Հայաստանին առաջադրվում էին ոչ բանական, որևէ հիմնավորում չունեցող պահանջներ, որոնց հայկական կողմն ուղղակի չէր կարող համաձայնել, և այն, որ Հայաստանն ի վերջո տվեց իր համաձայնությունը, մի կողմից անակնկալի է բերել Իլհամ Ալիևի ռեժիմին, սակայն մյուս կողմից որևէ կերպ չի փոխում ադրբեջանական կողմի մտադրությունը, որն է գործընթացի ձգձգումը, միաժամանակ խաղաղության շուրջ որևէ բանակցություն վարելու վերաբերյալ իմիտացիայի ստեղծմամբ։ Դա արվում է մի նպատակով, որպեսզի աշխարհաքաղաքական հարմար պահի Հայաստանի դեմ ագրեսիա իրականացի», - նշեց Խուրշուդյանը։ 

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը կստորագրի միայն արտաքին հուժկու ճնշումների ներքո, երբ զգա, որ չստորագրելն ավելի ծանր կնստի իր վրա և մեծ վնասներ կարող է բերել, քան այն հույսերը, որ մի օր կարողանալու են ուժային մեթոդներով Հայաստանի տարածքներից նորանոր կտորներ կամ «միջանցք» պոկել։ 

«Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ավելի ակտիվորեն աշխատի արևմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ, արագացնի իր ինտեգրումը եվրաատլանտյան անվտանգային համակարգերին։ Տվյալ դեպքում անհրաժեշտ է, որ եվրոպական անվտանգային նոր ձևավորվող ձևաչափերում Հայաստանն անպայման ներգրավվի։ Դա մեզ համար կլինի շատ արդյունավետ, ինչի արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա հետագա էսկալացիաներից՝ հասկանալով, որ այդ դեպքում կարող է խնդիրներ ունենալ ավելի մեծ անվտանգային համակարգի հետ»,- ասաց մեր զրուցակիցը։

Վերլուծաբանի դիտարկմամբ՝ Հայաստանում ձևավորված նախկին անվտանգային համակարգը չի գործում, դաշնակից Ռուսաստանն էլ չի կատարել իր պայմանագրային դաշնակցային պարտավորությունները, իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս առոչինչ է, քանի որ դրա բոլոր կետերը խախտվել են Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից։ Խուրշուդյանի կարծիքով՝ իրենից խոշոր երկրներով շրջապատված Հայաստանն իր անվտանգությունը միայնակ ապահովելու մեծ հնարավորություններ չունի, հետևաբար միակ տարբերակը մնում է Արևմուտքի, մասնավորապես՝ Եվրամիության հետ սերտ ինտեգրումը։

«Ազգային ժողովում սպասվում է կարևոր քվեարկություն, որով, ըստ էության, համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությունը ստացած օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կընդունվի։ Ես նկատի ունեմ «ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրինագիծը, որը ստացել է հանրության հավանությունը 60 հազար ստորագրություններով, ինչն իր բնույթով քաղաքացիական նախաձեռնություն էր։ Դա խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ևս հասկանում են դրա կարևորությունը, և այստեղ կա հանրային լայն համախոհություն»,- ասաց Խուրշուդյանը։

Վերադառնալով զրույցի բուն թեմային՝ վերլուծաբանը պնդեց, որ այս պահին Ադրբեջանին հնարավոր չէ որևէ կերպ բերել կառուցողական դաշտ դիվանագիտական բելետրիստիկայի ոճով, երբ դիվանագիտությունը վարվում է ողջույնների, նամակների և հորդորների միջոցով։ 

«Միայն կոնկրետ ճնշումները կարող են դեր խաղալ այդ ուղղությամբ, այդ թվում՝ պատժամիջոցները, որոնք վաղուց պետք էր կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ սկսած այն պահից, երբ ադրբեջանական կողմը դիմեց ռազմական ագրեսիայի՝ 2016 եւ 2020 թվերին խախտելով մադրիդյան պայմանավորվածությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և հետո էթնիկ զտում իրականացրեց Լեռնային Ղարաբաղում՝ բռնագաղթեցնելով տեղի ամբողջ հայ բնակչությանը։ Դրանից հետո, բացի Ադրբեջանին Եվրախորհրդից վտարելուց, պետք էր կիրառել ավելի առարկայական տնտեսական պատժամիջոցներ, ինչպիսիք, օրինակ, կիրառվեցին Ռուսաստանի դեմ։ Ցավոք, դա տեղի չի ունենում, ինչը թևավորում է Ադրբեջանին և նրան հույս է տալիս, որ կարող է հետագայում նույնպես շարունակել իր ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականությունը տարածաշրջանում»,- նշեց մեր զրուցակիցը։ 

Խուրշուդյանը հավելեց, որ նույնիսկ խաղաղության պայմանագրի 17 կետերի շուրջ համաձայնության գալու առթիվ միջազգային հանրության կողմից հնչած շնորհավորանքների ֆոնին Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով կեղծ լուրեր է տարածում, թե իբր հայկական զինված ուժերը կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ու թեև այդ լուրերը բազմիցս հերքվել են թե՛ ՀՀ պաշտպանության նախարարության, թե՛ սահմանին տեղակայված եվրոպացի դիտորդների կողմից, այնուամենայնիվ պաշտոնական Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել։  

Քաղաքագետի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում դժվար թե կողմերի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիր, որովհետև Բաքուն առաջադրում է նորանոր պահանջներ՝ ակնկալելով զիջումներ Հայաստանից։ 

«Օրինակ՝ Եվրոդիտորդների հեռացման պահանջը հայ-ադրբեջանական սահմանից առանց դելիմիտացիայի հասնելու կամ մինչև պայմանագրի ստորագրումը համատեղ հայտարարությամբ Մինսկի խումբը լուծարելու պահանջը ցույց են տալիս, որ Ադրբեջանի դիրքորոշումները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում, հետևաբար հայկական կողմը պետք է ակտիվ դիվանագիտություն վարի արևմտյան գործընկերների հետ՝ ցույց տալով Ադրբեջանի ապակառուցողական պահվածքը ու ռազմատենչ մտադրությունները, ինչպես նաև խորացնելով Հայաստանի ինտեգրումն արևմտյան անվտանգային համակարգերին»,- եզրափակեց վերլուծաբանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում