Փոդքասթ

Podcast.«Ինժեներական քաղաք». նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի համար

5 րոպեի ընթերցում

Podcast.«Ինժեներական քաղաք». նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիական և ինժեներական ոլորտի համար

Նոր նշաձող ու հնարավորություններ՝ ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի ներկայացուցիչների համար. «Ինժեներական քաղաք» (ԻՔ) նախաձեռնությունը գալիս է վերականգնելու Հայաստանում դեռ խորհրդային տարիներից մեծ զարգացում և համբավ ունեցող ինժեներական համայնքը՝ բերելով նոր մոտեցումներ և հնարավորություններ ոլորտի համար: 

«Ինժեներական քաղաք»-ի հնարավորությունների, նպատակների, գործունեության ուղղությունների և մի շարք կարևոր հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Մարինա Մինասյանի հետ:   

Նա նշեց՝ «Ինժեներական քաղաք»-ը պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ։ 

Նախաձեռնության նպատակն է  Հայաստանում «Ինժեներական քաղաք»-ի հիմնման միջոցով նպաստել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը: 

«Գաղտնիք չէ, որ դեռ խորհրդային ժամանակներից հայերը շատ լավ են եղել մաթեմատիկայից, ֆիզիկայից և Հայաստանում շատ զարգացած է եղել ինժեներությունը, այդ իսկ պատճառով մենք շատ մեծ ցանկություն ունեինք վերականգնել այդ մեծ ժառանգությունը, ինչպես նաև  ստեղծել  նոր համակարգեր:

Ինժեներության պարագայում մի փոքր բարդ է, քանի որ գաղափարներն իրականացնելու համար պետք է ունենալ որոշակի սարքավորումներ, հաստոցներ որոնք մեկ ընկերության համար բավականին թանկարժեք են և հասանելի չեն:  Այս առումով մեր ծրագրի կարևոր բաղադրիչն էր ապահովել ամբողջական հասանելիություն նման սարքավորումներին, գործիքներին և հաստոցներին, որպեսզի բոլոր ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունները կարողանան իրենց գաղափարները նախատիպավորել, թեստավորել և, ինչու չէ, գնալ ամբողջական արտադրության»,- նշեց ծրագրերի ղեկավարը:

Մարինա Մինասյանն ընդգծեց՝  ծրագրի նպատակներն իրականում շատ են, այն իր մեջ ներառում է մի ամբողջ մեծ շղթա: Նախաձեռնության շրջանակում կգործարկվեն համատեղ արտադրության լաբորատորիաներ, կստեղծվեն ժամանակակից ենթակառուցվածքներ, մասնավորապես Բարձր տեխնոլոգիական և ինժեներական աքսելերատոր՝ համատեղ աշխատանքային տարածքով։ Այստեղ են գտնվում նաև «Գիտության և տեխնիկայի թանգարանը, «Տիեզերքի» թանգարանը։

Նրա խոսքով՝ մեծ կարևորություն է տրվում որակյալ աշխատուժի` բարձր տեխնոլոգիաների մասնագետների, ճարտարագետների պատրաստմանը, կրթությանն ու վերապատրաստմանը, ձեռնարկություններին հետագա զարգացման համար աջակցության տրամադրմանը, աշխարհահռչակ տեխնոլոգիական համալսարանների հետ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացմանը, համագործակցության խթանմանը,  նոր ճարտարագիտական ընկերությունների և աշխատատեղերի ստեղծման խթանմանը, արտադրողականության և արտահանման ծավալների մեծացմանը:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավարը կարևորեց նաև այն հանգամանքը, որ «Ինժեներական քաղաք»-ն ապահովված է մշտապես թարմացվող առաջատար ինժեներական սարքավորումներով, հետազոտական ​​և նախատիպային լաբորատորիաներով, հաստոցաշինական և արտադրական մեքենաներով, որոնք հասանելի են ինչպես «Ինժեներական քաղաք»-ում գործող, այնպես էլ ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերությունների համար:

Ինժեներական քաղաքում գործունեություն ծավալելու և Ռեզիդենտի կարգավիճակ ստանալու պայմաններին և ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ինժեներական քաղաքի ինժեներական բիզնես աքսելերատորի շենքում հասանելի են լինելու նաև վարձակալության հիմքով տարածքներ, որոնք հնարավորություն կտան նոր ձևավորվող ինժեներական և բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերություններին գործունեություն ծավալել «Ինժեներական քաղաք»-ում և օգտվել գործող բոլոր հնարավորություններից։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում