Հայաստանի նախագահը վստահեցրել է, որ Երևանը հետևողական է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահեցրել է, որ Երևանը հետևողական է Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ աշխատանքում և կարծում է, որ այն դժվարությունները, որոնք կան և կլինեն, հաղթահարելի են և կարող են լուծվել բանակցային սեղանի շուրջ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև խաղաղության շուրջ համաձայնագրի ստորագրման հեռանկարներին։
«Մենք հետևողական ենք խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված մեր աշխատանքում։ Մենք ունենք խնդիր՝ խաղաղություն հաստատել տարածաշրջանում և կոնկրետ Ադրբեջանի հետ և այդ նպատակին հասնելու համար կատարում ենք հստակ աշխատանքներ։ Մենք գտնում ենք, որ այն դժվարությունները, որոնք կան և կլինեն, դրանք հաղթահարելի են և ցանկացած հարց կարելի է լուծել բանակցային սեղանի շուրջ»,-ընդգծել է ՀՀ նախագահը։
Հանրապետության նախագահը նաև շեշտել է, որ պատերազմի ու հակամարտության ժամանակն ավարտվել է, և Հարավային Կովկասը նոր պատերազմերի համար այլևս չունի ռեսուրսներ։
«1988 թվականից, իսկ ավելի լայնամասշտաբ 1991 թվականից մենք պատերազմական վիճակում ենք։ Ես չեմ ասում մեր տարածաշրջանի մյուս հակամարտությունները։ Այս առումով է, որ մենք հետևողական ենք։ Լավատեսությունը հիմնվում է իրատեսության վրա․ մենք իրատես ենք և անում ենք քայլեր, որոնք ոչ թե հեռացնում են Ադրբեջանի հետ մեր մոտեցումներն, այլ ընդհակառակը՝ մոտեցնում են իրար։ Մենք շարունակելու ենք այս նույն ոճով և նաև վստահ ենք, որ կգա այդ օրը, որովհետև շատերը չէին էլ սպասում, որ այդ համաձայնագրի շրջանակներում այն առարկությունները, որոնք կային, կհանվեին, բայց մարտ ամսին պարզվեց, որ դա հնարավոր է»,-ընդգծել է ՀՀ նախագահը՝ մատնանշելով, որ կողմերն այժմ սեղանին դրված ունեն արդեն պատրաստի փաստաթուղթ։