Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանը սպասում է Մարտուն Գրիգորյանի դիրքորոշմանը և պատրաստ է բանակցել նրա հետ

3 րոպեի ընթերցում

Վարդան Ղուկասյանը սպասում է Մարտուն Գրիգորյանի դիրքորոշմանը և պատրաստ է բանակցել նրա հետ

Գյումրիում մարտի 30-ին կայացած ավագանու ընտրություններում Հայաստանի կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը պատրաստ է հանդիպել և բանակցել «Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդան Ղուկասյանն այս մասին ասաց մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

«Հույս ունեմ, որ Մարտուն Գրիգորյանի հետ կարող ենք նստել, բանակցել, քննարկել, խոսել։ Ես ոչ մեկին թշնամու աչքերով չեմ նայում։ Ես միշտ ասել եմ՝ ես թշնամի չունեմ հայ ժողովրդի մեջ»,- ընդգծեց Ղուկասյանը։

Նա նաև հույս հայտնեց, որ Մարտուն Գրիգորյանը կանի այն, ինչի մասին մինչ այս խոսել է. մասնավորապես, Վարդան Ղուկասյանը հիշեցրեց, որ Մարտուն Գրիգորյանը խոսել է ընդդիմության համախմբվելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ հիմա այդ համախմբվելու պահն է։ 

Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են լինելու իր քայլերը, եթե Մարտուն Գրիգորյանը որոշում կայացնի չմիանալ ընդդիմությանը՝ Վարդան Ղուկասյանն ասաց. 

«Ես դեռ պետք է համոզվեմ, որ Մարտուն Գրիգորյանը չի միանա ընդդիմությանը, դրանից հետո մենք մեր հայտարարությունը կանենք»։ 

Նա նաև շնորհակալություն հայտնեց «Իմ հզոր համայնք» կուսակցության համայնքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանին և «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանին՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությանն աջակցելու համար։ 

Մարտի 30-ին կայացած Գյումրիի ավագանու ընտրություններում առավելագույն ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 36.8 տոկոսով։ Ընտրական շեմը հաղթահարել են նաև Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը (20.71%), «Մեր քաղաք» դաշինքը (15.85%), «Իմ հզոր համայնք» կուսակցությունը (7.94%) և «Մայր Հայաստան» դաշինքը (6.18%)։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքած ձայները բավարար չեն, որպեսզի կուսակցությունը միանձնյա կարողանա համայնքի ղեկավար ընտրել։ Անցողիկ շեմը հաղթահարած մյուս 4 ընդդիմադիր ուժերի ղեկավարները հայտարարել են, որ իշխող ուժի հետ որևէ դեպքում կոալիցիա չեն կազմի։ Եթե ընդդիմադիր 4 ուժերը միավորվեն, կկարողանան համայնքի ղեկավար ընտրել։ 

Ընդդիմադիր երկու ուժ՝ «Մայր Հայաստան» դաշինքն ու «Իմ հզոր համայնք» կուսակցությունն արդեն իսկ հայտնել են Վարդան Ղուկասյանին սատարելու պատրաստակամության մասին, սակայն առանց «Մեր քաղաքը» դաշինքի աջակցության ավագանու մեծամասնություն ձևավորել չեն կարողանա։ «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը դեռևս մեկնաբանություն չի արել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում