Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ուղերձներ են փոխանակել դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի առթիվ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Հայ-ռուսական բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության բազմադարյա հարաբերությունների պատմության մեջ այս նշանակալի իրադարձությունը բացեց որակապես նոր փուլ, դրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային ռազմավարական գործընկերության հիմքը:

Չափազանց կարևոր է, որ երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման քաղաքականությունը մեծ աջակցություն է վայելում մեր երկրների հասարակությունների կողմից, իսկ Ձեզ հետ հանդիպումներում վստահության և փոխըմբռնման մթնոլորտը թույլ է տալիս ընդունել և իրագործել իսկական դաշնակցային ոգուն բնորոշ որոշումներ:

Այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, աչքի են ընկնում ակտիվ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային և միջազգային հարթակներում քայլերի արդյունավետ կոորդինացմամբ, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համատեղ ջանքերով:

Մենք կայացրել ենք կարևոր որոշումներ տնտեսության, հումանիտար և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջմղման ուղղությամբ, թափ են առնում միջխորհրդարանական և միջտարածաշրջանային կապերը:

Ռուսաստանը և Հայաստանը ծանրակշիռ ներդրում են ունենում եվրասիական ինտեգրացիոն գործընթացի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, այլ բազմակողմ կառույցների շրջանակներում համագործակցության ամրապնդման գործում:

Այս ամենն աներկբա վստահություն է ներշնչում, որ հսկայական ներուժ ունեցող հայ-ռուսական բազմաբնույթ համագործակցությունը մեր համատեղ ջանքերի շնորհիվ հետագայում ևս կշարունակի խորանալ՝ ներառելով արգասաբեր փոխգործակցության նորանոր բնագավառներ, ինչը, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին և իղձերին:

Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»:

Հայերեն English Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար