Յանինա Դուբեյկովսկայան Երևանում մեկնարկած WCFDavos/Yerevan ֆորումից մեծ ակնկալիքներ ունի
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումի ասոցիացիայի նախագահ Յանինա Դուբեյկովսկայան Երևանում մեկնարկած «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով երկօրյա ֆորումից մեծ ակնկալիքներ ունի: Լրագրողների հետ զրույցում Յանինա Դուբեյկովսկայաննշեց, որ նախորդ տարի Դավոսում կազմակերպված ֆորումի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները՝ Արմեն Թավադյանը և Տաթևիկ Փիրումյանը տպավորիչ ելույթ են ունեցել: «Մեր հյուրերից շատերը գաղափար չունեին, որ Հայաստան անունով երկիր գոյություն ունի, ինչի համար ցավում եմ: Հայաստանի ներկայացուցիչները՝ Արմենը և Տաթևիկը, ուղղակի բացեցին այս մարդկանց աչքերը, բացեցին դռները, որպեսզի այդ մարդիկ հասկանան, թե ինչ երկիր է Հայաստանը: Եվ շատ տրամաբանական է, որ այսօր Հայաստանում ենք ֆորումը կազմակերպում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա։
Դուբեյկովսկայան շնորհակալություն հայտնեց բոլոր ընկերություններին, որոնք աջակցություն են ցուցաբերել ֆորումի կազմակերպման համար. «Ցանկացած երկիր ունի եզակի փորձ և մենք ֆորումին հրավիրել ենք բոլոր մայրցամաքներից փորձագետների, որպեսզի ոչ միայն հասկանանք, թե ինչքան մեծ է աշխարհը տարբեր տեսանկյուններից և ինչքան փոքր է այն, երբ մարդիկ հանդիպում են ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին: Եվ այսօր մենք ճիշտ ժամանակին ճիշտ տեղում ենք, ճիշտ մարդկանց հետ, ճիշտ կազմով»:
Յանինա Դուբեյկովսկայան երկրորդ անգամ է Հայաստանում: Նա, եզրափակելով խոսքը, ընդգծեց, որ տպավորված է Հայաստանով: Նրան տպավորել են հատկապես մարդկանց հյուրասիրությունն ու ժպիտները: