Արցախ

Հայրենի գյուղում հարգել են ապրիլյան պատերազմում զոհված Արամ Առուշանյանի հիշատակը

3 րոպեի ընթերցում

Հայրենի գյուղում հարգել են ապրիլյան պատերազմում զոհված Արամ Առուշանյանի հիշատակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀՄարտակերտի շրջանի Հաթերք գյուղում հունվարի 24-ին տեղի է ունեցել Արամ Առուշանյանի ծննդյան 45-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հերոսի մեծարման հանդեսին գյուղի դպրոցում հավաքվել էին Արամ Առուշանյանի հարազատները, հայրենի գյուղի բնակիչները, հարազատ դպրոցի կոլեկտիվը, աշակերտներ, զինակից ընկերներ, հյուրեր:

Ողջունելով հավաքվածներին՝ դպրոցի տնօրեն Ներսես Մանուկյանը հակիրճ ներկայացրել է 44 գարուն ապրած Արամ Առուշանյանի կյանքի անցած ուղին:

«Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոսական տարեգրության մեջ իր անունն է անմահացրել նաև մեր դպրոցի նախկին աշակերտ Արամ Առուշանյանը: Անցնելով փառավոր կյանքի ուղի և արժանանալով հերոսի կոչման՝ նա դարձավ մեր ողջ ժողովուրդի այն զավակներից մեկը, որի կյանքի անցած ուղով հպարտանում ենք բոլորս: Լինելով հրետանավոր՝ նա կարողացել է ծանր և պատասխանատու պահին կատարել այնպիսի սխրանք, որը հիացմունք ու հպարտություն է առաջացնում բոլորիս սրտերում»,- ասել է Ն. Մանուկյանը:

Արամ Առուշանյանի դասղեկի խոսքով, Արամը պարտաճանաչ, դաստիարակված, ընկերասեր ու ազնիվ աշակերտ եղել: «Նա ակտիվորեն մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և հասել է մինչև զինվորական բարձ կոչման: Կորստի ցավից ու ափսոսանքից զատ՝ մեզ տոգորում է նաև հպարտության վեհ զգացումը, որ մեր կողքին ծնվել, մեծացել, սովորել ու հերոսացել է Արամ Առուշանյանը՝ կենդանի օրինակ հանդիսանալով գալիք սերունդների համար»,- ասել է դասղեկ Համլետ Սահակյանը:

Իսկ դպրոցի զինղեկ Ռուբեն Բաղրյանը պատմեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ Արամն արդեն կանգնած էր կամավորականների առաջին շարքերում, ու դա եղավ նրա վերջին ճակատամարտը: Ապրիլի 26-ի չարաբաստիկ օրը վերջինը եղավ Արամ Առուշանյանի համար:

Հայրենիքը բաձր է գնահատել հերոսի սխրանքը. նա արժանացել է պետական պարգևների, իսկ ընտանիքը գտնվում է պետության հոգածության ներքո: Միջոցառմանը Արցախի ազատամարտիկների միության կողմից ծննդյան 45-ամյակի կապակցությամբ Արամ Առուշանյանը հետմահու պարգևատրվել է մեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում