ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը 2016 թվականին վաճառել է մոտավորապես 14 մլն դոլարի զենք և ռազմական տեխնիկա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով TASS-ը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:
«Արտահանման ծավալը կազմում է գրեթե 14 մլրդ դոլար, սակայն տարին դեռևս չի ավարտվել, ընթացքի մեջ է խոշոր պայմանագրերի իրականացումը»,- ասել է Կոժինը:
Նրա խոսքով` 2016-ը Ռուսաստանի համար ռազմատեխնիկական համագործակցության առումով հաջողված է: Նաև Կոժինն ընդգծել է, որ 2017-ին չարժե սպասել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման:
«Եթե խոսենք գալիք տարվա մասին, ապա մենք չպետք է սպասենք, որ բոլոր պատժամիջոցները կվերանան հունվարի մեկից և մենք կսկսենք աշխատել նպաստավոր պայմաններում»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Ռուսաստանում զինտեխնիկայի արտահանումն ապագայում կարող է հասնել 20 մլրդ դոլարի: