Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել անբիծ ընտրություններ. Սերժ Սարգսյան
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում ընդգծեց, որ առաջնահերթ խնդիրն է 2017 թվականի գարնանը կազմակերպել և անցկացնել անբիծ ընտրություններ: «Մեզ անհրաժեշտ է հենց այդպիսի վստահության քվե: Եվ այդ պարագայում, առանց վարանելու ու շեղվելու, մենք առաջ կընթանանք մեր երկրի բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիով: Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ իրենք իրենց ծրագրերով, նոր նախաձեռնություններով ու թարմացվող գործելաոճով փորձելու են պահպանել ու ավելացնել կուսակցության դերակատարումը նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում։
«Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք շատ ավելի մոտ լինել մեր հիմնական շահառուին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և, միաժամանակ, շատ ավելի դինամիկ, անընդհատ կատարելագործվող ու ճկուն՝ քաղաքական բանավեճում և գաղափարների մշակման գործում»,- ասաց Սարգսյանը: Միաժամանակ, Նախագահն ընդգծեց, որ գալիք երկու-երեք տարիները լինելու են խիստ կարևոր Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից:
«Այս մասին մենք բազմիցս և հանգամանալիորեն խոսել ենք։ Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները: Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները: Այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ: Նաև անխուսափելի է դառնում քաղաքական միավորների խոշորացումը»,- նկատեց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ հենց այս համոզմամբ իրենք պետք է առաջ ընթանան դեպի 2017 թվականի գարնանը կայանալիք՝ Հայաստանի խորհրդարանի և Երևանի ավագանու ընտրությունները: «Մենք արդեն շատ լուրջ ջանքեր ենք ներդրել, որպեսզի պատմական համաձայնության գանք ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընտրական գործընթացի կազմակերպման առանցքային խնդիրների շուրջ:
Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ։ Մենք մեր ծրագրերով, նոր նախաձեռնություններով ու թարմացվող գործելաոճով փորձելու ենք պահպանել ու ավելացնել մեր կուսակցության դերակատարումը նաև Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված նոր քաղաքական միջավայրում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք շատ ավելի մոտ լինել մեր հիմնական շահառուին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և, միաժամանակ, շատ ավելի դինամիկ, անընդհատ կատարելագործվող ու ճկուն՝ քաղաքական բանավեճում և գաղափարների մշակման գործում»,- ասաց Սերժ Սարգսյանը։