Սպորտ

Լևոն Արոնյանը 34 տարեկան է

4 րոպեի ընթերցում

 Լևոն Արոնյանը 34 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, Շախմատային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, աշխարհի թիմային առաջնության հաղթող, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի տոնում է ծննդյան 34 տարեդարձը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանը ծնվել է 1982 թվականին Երևանում: Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում քրոջից: Մանկության տարիներին նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը: Տարիներ անց նրան մոտ կես տարի մարզել է գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ:

Հայկական շախմատի առաջատարը 1994 թվականին Հունգարիայի Շեգեդ քաղաքում դարձել է մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն: Իսկ ահա 1995 թվականին Փարիզում Արոնյանը հաղթել է մինչև 14 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում: 2000 թվականից միջազգային կարգի գրոսմայստեր է: Նրա առաջին գիրքը եղել է Ալեքսանդր Ալյոխինի «300 խաղ»-ը: Արոնյանը Հայաստանի հավաքականի դեռևս անփոխարինելի առաջին համարն է: Ամեն տարի մասնակցում է շախմատային էլիտայի միջազգային մի շարք մրցաշարերի և իրեն բացահայտում նորովի:

Լևոն Արոնյանի մտքերից.

«Շախմատն ինձ համար լեզու է: Ես կարողանում եմ դրանով արտահայտվել: Շախմատն այն զբաղմունքն է, առանց որի ես «ես» չէի լինի»:

«Երաժշտությունը շատ մեծ դեր ունի իմ կյանքում: Ես մեծ ոգեւորություն եմ ապրում երաժշտություն լսելիս: Երեւի, տարբերությունն այն էր, որ իմ շախմատի ուսուցիչը չափից ավելի շատ էր սիրում շախմատը, իսկ երաժշտության ուսուցիչը` ոչ այնքան»:

«Մեր հավաքականի յուրաքանչյուր անդամ իր ներուժով ոչնչով չի զիջում աշխարհահռչակ ոչ մի շախմատիստի»:

«Ափսոս, չկա «կատաղություն» անվանմամբ դեղամիջոց, ինչպես Լեոպոլդ կատվի մասին հայտնի մուլտֆիլմում: Ես ողջ ուժով ջանում եմ կատաղել ինքս ինձ, մրցակիցներիս ու այն ամենի վրա, որ կա իմ շրջապատում, սակայն դա ինձ մոտ անբնական է ստացվում, քանի որ դա հատուկ չէ իմ բնավորությանը»:

«Շախմատը սպորտ է: Այն նման է ցլամարտի. եթե դու պայքարում-պայքարում ես, շատ գեղեցիկ շրջանցող շարժումներ ես անում, բայց վերջում ցուլը քեզ խոցում է, ապա այն ամենը, ինչ դու արել ես մինչ այդ, մեծ իմաստ չունի: Նույնը շախմատում է. եթե գեղեցիկ պարտիան ավարտվում է պարտությամբ, իմաստը դրանում քիչ է»:

«Մենք ուղղակի ազգ չենք, որի ներկայացուցիչները միայն պայքարում են և կռվում: Մենք նաև այնպիսի ազգ ենք, որի ներկայացուցիչները կարող են վերադառնալ հետ` դեպի փառքի ժամանակաշրջանը, երբ մենք մեծ երկիր էինք: Երբ դու ճամփորդում ես Հայաստանում, տեսնում ես վանքեր, համալսարաններ, որոնք ավելի քան 1500 տարվա հնության են, և քեզ մի զգացում է պատում, որ «սա հենց այն է, ինչ մենք կանք»: Մենք եղել ենք մի ազգ, որն ունի հսկայական ինտելեկտուալ կարողություն: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ժողովրդին դեպի շախմատ տանող ուժը հենց ցանկությունն է հետ վերադարձնել այն զգացողությունը, որ մենք ժամանակին գիտական ազգ ենք եղել»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում