Պաշտոնական

Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպանը Սերժ Սարգսյանին է հանձնել հավատարմագրերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում Մոլդովայի նորանշանակ դեսպանը Սերժ Սարգսյանին է հանձնել հավատարմագրերը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին սեպտեմբերի 23-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մոլդովայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռուսլան Բոլբոչանը (նստավայրը՝ Կիև): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Ընդգծելով, որ երկու երկրներն ունեն միջպետական լավ հարաբերություններ՝ Նախագահը կարևորել է բոլոր ոլորտներում համագործակցության ակտիվացումը, որի համար նա մեծապես կարևորել է դիվանագիտական ներկայացուցչության ակտիվ աշխատանքը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր աշխատանքով նոր լիցք և լրացուցիչ խթան կհաղորդի հայ-մոլդովական հարաբերություններին և փոխգործակցությանը:

Ռուսլան Բոլբոչանը մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել դիվանագիտական առաքելության իրականացումը Հայաստանում և վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը, որպեսզի տեսանելի ապագայում փոխշահավետ բոլոր ոլորտներում առաջընթացը տեսանելի լինի: Դեսպան Բոլբոչանն այդ համատեքստում մեծ դեր է վերապահել տնտեսական հարցերով հայ-մոլդովական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին:

Հանրապետության Նախագահը կարևորել է երկու երկրների համար կենսական նշանակություն ունեցող և զգայուն հարցերում միմյանց շահերի հարգման վրա հիմնված համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում