Պաշտոնական

Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

3 րոպեի ընթերցում

Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Սերժ Սարգսյանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ՀանրապետությանՆախագահ Սերժ Սարգսյանին սեպտեմբերի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:Միջպետական հարաբերությունների զարգացման գործում Հանրապետության Նախագահը կարևորել է դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, նշելով, որ այդ հարաբերությունները նոր նախաձեռնություններով ավելի ամրապնդելու և դրանց նոր դինամիկա հաղորդելու առումով մեծ ակնկալիքներ կան Հունաստանում Հայաստանի և Հայաստանում Հունաստանի նորանշանակ դեսպաններից:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունները պատմական խորը արմատներ ունեցող և մշտապես բարեկամության ու փոխադարձ վստահության դրսևորումներով արտահայտվող հայ և հույն ժողովուրդների հարաբերությունների մակարդակին հասցնելու համար դեռևս զգալի աշխատանք կա իրականացնելու: Այդ տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, քաղաքական երկխոսությանը զուգահեռ առևտրատնտեսական կապերի սերտացմամբ փոխշահավետ բազմաթիվ ոլորտներում համագործակցության խորացումը:

ՀՀ Նախագահը և Հունաստանի դեսպանը երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում մեծ դեր են վերապահել նաև խորհրդարանական դիվանագիտությանը:

Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել Հունաստանի նախագահ Պավլոպուլոսի ջերմ ողջույններն ու ՀՀ Նախագահի հրավերն ընդունելու և փոխադարձ այցով Հայաստան ժամանելու պատրաստակամությունը, ընդգծելով, որ Աթենքում հաճույքով են հիշում տարեսկզբին ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Հունաստան, որը նոր խթան հաղորդեց միջպետական հարաբերություններին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-հունական փոխգործակցությունը զարգացնելու հնարավորություններին և առկա մեծ ներուժին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում