Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն արգասավոր ուսումնական տարի է մաղթել

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսն արգասավոր ուսումնական տարի է մաղթել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զավակներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր պատասխանատուներին:

Օրվա խորհուրդը արտահայտում է մեր ժողովրդի ձգտումն ու սերը գիտության ու լուսավորության հանդեպ, որը դարձել է գրավականը ազգային մեր հարատևության:

Ուսումնական ամեն տարեմուտ մեր ժողովուրդը տոնում է բարի հույսերով ու սպասումով, որ կրթական հաստատություններից սփռվող գիտության լույսով պիտի ամրանան ու զորանան հոգին ու միտքը մեր զավակների: Կրթությունն ու իմացությունը Աստծուց տրված բարիք են, որպեսզի մարդը ճանաչելով իր Արարչին ու աշխարհը՝ ապահով ու երջանիկ դարձնի իր կյանքի ընթացքը:

Աղոթում ենք, որ Տերը քաջարթուն միտք ու պայծառ հոգի պարգևի Մեր սիրելի զավակներին և պահի հաստատուն աստվածային պատգամների շավիղներում, ուժ ու եռանդ շնորհի մանկավարժ-դասախոսներին և կրթության գործի բոլոր նվիրյալներին՝ կրթելու և դաստիարակելու ազգի արժանավոր ու շնորհաշատ զավակներ:

Թող Տիրոջ օրհնությամբ նոր ուսումնական տարին արգասավոր լինի առատ վաստակով՝ հանուն մեր հայրենիքի զորացման և մեր ժողովրդի առաջընթացի»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում