Արայիկ Հարությունյանը պարգևատրել է ռուսաստանաբնակ բարերար Մնացական Առաքելյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՀՂ վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդունել է ռուսաստանաբնակ բարերար Մնացական Առաքելյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից, Արայիկ Հարությունյանը պարգևատրել է Առաքելյանին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով ` Արցախի պաշտպանության ապահովմանն ուղղված գործունեության ու ցուցաբերած օգնության համար: Հանդիպումից առաջ բարերարը մասնակցել է առաջնագծի հարավային տեղակայման զորամասերից մեկի մարտական մի շարք դիրքերին սպասարկող նորակառույց ջրագծի բացման արարողությանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Առաքելյանին՝ առաջնագծի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար:
«Այս ջրագիծը կարևոր նշանակություն ունի դիրքապահների կենցաղային պայմանների բարելավման գործում: Ուրախալի է, որ նմանատիպ աշխատանքները կատարվում են կառավարության և բարերարների համաֆինանսավորմամբ, առավել ևս, որ հատուկ հաշվեհամարի գումարներից էլ ենք ուղղել այս ծրագրին: Հույս ունեմ, որ Ձեր և այլ նվիրյալների օրինակը վարակիչ կլինի շատերի համար, իսկ Արցախի իշխանությունները պատրաստ են հնարավորինս աջակցել ընտրված նախագծերի իրագործմանը և ապահովել բարեգործական միջոցների ծախսման առավելագույն թափանցիկություն»,- նշել է վարչապետը: