Հարցազրույց

Հեքիաթներ գրելու համար կյանքի մեծ փորձ ունենալն անպայման չէ. Արմեն Գրիգորյան

5 րոպեի ընթերցում

Հեքիաթներ գրելու համար կյանքի մեծ փորձ ունենալն անպայման չէ. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեքիաթների դերը շատ մեծ է աշխարհայացքի ձևավորման, դաստիարակության գործում: Հայաստանում հիմնականում հեքիաթներ են գրում տարեց ստեղծագործողները:«Արմենպրես»-ի զրուցակից երիտասարդ գրող Արմեն Գրիգորյանը չի կարծում, որ կյանքի մեծ փորձ ունենալնանպայման է հետաքրքիր հեքիաթներ գրելու համար:

- Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ եք: Ինչպե՞ս որոշեցիք գիրք գրել:

-Ուսանողական տարիներին տարբեր սցենարներ էի գրում: Ֆիլմեր շատ եմ սիրում ու հաճախ տարբեր ժանրերի ֆիլմերի մասին կարծիք եմ գրում իմ ֆեյսբուքյան էջում: «Արվեստ` հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված մրցույթում իմ սցենարներից մեկը լավագույնը համարվեց, և իմ մեջ ծնվեց երեխաներին տարբեր հետաքրքիր ու անկանխատեսելի պատմություններ պատմելուգաղափարը:

- Ի՞նչ տպավորություն են թողել ձեզ վրա մանկության շրջանում լսած հեքիաթները:

-Ես միշտ եմ հեքիաթներ կարդացել, և վաղ տարիքում ինձ վրա հատկապես մեծ տպավորություն են թողել Հովհաննես Թումանյանի, ուկրաինական ժողովրդական հեքիաթները: Հատկապես հավանում էի այն հեքիաթները, որտեղ կային թագուհիներ, արքաներ, մարդկանց փրկելու ցանկություն և հնարավորություն: Իմ հեքիաթներում այդ ամենը նույնպես կա, պարզապես ավելի նորովի է ներկայացված:

-Ինչո՞ւընտրեցիք «ֆենթըզի» ժանրը:

-Մտածում էի, որ ավանդական, հին հայկական ոճով կլինեն հեքիաթներս, բայց գրելու ընթացքում ֆանտաստիկան հաղթեց: Հեքիաթներս գրելիս ոգեշնչվել եմ «Հարի Պոթեր», «Մատանիների տիրակալը» և այլ ստեղծագործություններից: Կարծում եմ՝ ֆանտաստիկ ժանրը հետաքրքրում է ո՛չ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Հեքիաթներս երևակայական են, սակայն դրանք զերծ չեն իրականությունից: Իմ կյանքի փորձը, իմ տեսած և լսած պատմությունները իրենց արտացոլանքն են գտնում դրանցում:

- Ի՞նչն է այսօր հատկապես հետաքրքրում երեխաներին: Դուք փորձու՞մ եք ձեր ստեղծագործություններով բավարարել նրանց հետաքրքրությունները:

-Կարծում եմ՝ բոլոր ժամանակներում երեխաներին ամեն ինչ հետաքրքրել է. ժամանակակից տեխնոլոգիաները, նոր և ուշագրավ պատմություններ` և՛ ֆանտաստիկ, և՛ այլ ժանրերում: Շատ դժվար կլինի մտածել նրանց բոլոր հետաքրքրությունները բավարարելու մասին: Ես աշխատում եմ իմ հեքիաթներով այլ աշխարհ տեղափոխել երեխաներին և դրական հույզեր հաղորդել նրանց: Մեր օրերում նրանք կարող են գտնել իրենց հուզող գրեթե բոլոր հարցերի պատասխանները նաև հեքիաթների օգնությամբ:

-Ո՞րն է «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթի ասելիքը:

-Իմ առաջին գիրքն է, լույս է տեսել «Անտարես» հրատարակչությունում 2015թ.: Գրքի հերոսը հայտնվում է կախարդական վայրում, որտեղտարբեր խնդիրների առաջ է կանգնում: Բանալին գտնելու օգնությամբ հերոսը՝ Կանը, փորձում է լուծել այդ խնդիրները և գտնել ելքը: Գիրքը չհանձնվելու, առաջ շարժվելու և նպատակներին հասնելու մասին է: Ցանկանում եմ ասել, որ փակ դռներ չկան, պարզապես պետք է բացել դրանք: Ներկայումս նոր հեքիաթ եմ գրում, որի ժանրըդարձյալ ֆանտաստիկանէ, սակայն այս ստեղծագործության մեջ սիրո թեման ավելի մանրակրկիտ է ներկայացվում: Հերոսները պայքարում են հանուն սիրո և երջանկության:

-Ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից ստեղծագործողների մասին:

-Կան լավ, հետաքրքիր հեղինակներ, բայց մրցակցությունը շատ թույլ է, կարելի է ասել չկա: Մեր երկրում գրքի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է: Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում կան հսկայական տարածքներ, որտեղ գրքեր են վաճառվում և մարդիկ միանգամից մի քանի գիրք են գնում: Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, բայց ես փորձում եմ իմ հեքիաթների շնորհիվ հետաքրքրություն և սեր առաջացնել ընթերցանության նկատմամբ:

-Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը վարեց ԱնժելաՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում