Ադրբեջանի կողմից ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել. քաղաքագետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող երկրի և այս հարցում շահագրգռվածություն ցուցաբերող մյուս կողմերի այցերը տարածաշրջան կտրուկ ավելացել են: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն` անդրադառնալով ղարաբաղյան խնդրի վերջին զարգացումներին:

-Պարոն Աբրահամյան, ղարաբաղյան խնդրի հետ կապված խմորումներ են տեղի ունենում, գոնե հայտարարությունների մակարդակով ակտիվություն ենք նկատում: Հայաստանի ու Արցախի պաշտոնյաները տարբեր մակարդակներով կարճաժամկետ կտրվածքով մի քանի անգամ ընդգծեցին, որ Արցախի անկախության ճանաչմանն ու բանակցային ձևաչափի լիարժեք վերականգնմանն այլընտրանք չկա: Այս ակտիվությունն, ըստ ձեզ, ինչո՞վ է պայմանավորված:

-Արցախում ապրիլին սանձազերծված մարտական գործողությունները ձախողում էին նաև միջնորդ երկրների համար, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնային նպատակներից էր էսկալացիա թույլ չտալը, ինչը փաստացի չհաջողվեց: Ներկայումս գործընթացում ակտիվություն է նկատվում ոչ թե բանակցային գործընթացում վերջնական հանգուցալուծման հասնելու, այլ էսկալացիա թույլ չտալու նպատակով:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ կողմերն այս անգամ շատ ավելի մոտ են հաջողության հեռանկարին, քան երբևէ: Ըստ ձեզ, կողմերը ո՞ր հարցում կարող են մոտ լինել:

-Այս պահին միջնորդների հիմնական խնդիրներից է՝ հասնել բանակցությունների վերսկսմանը, սակայն նույնիսկ այս հարցում անորոշությունը մեծ է, քանի որ Ադրբեջանը ակնհայտորեն չի ցանկանում կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

-Այս օրերին Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ ուսումնամարզական թռիչքներ է անցկացնում: Շփման գծում կրկին կրակոցները վերսկել են: Դրանով Ադրբեջանն ի՞նչ խնդիր է լուծում:

-Գործընթացի այս փուլում, նման մասշտաբային ուսումնամարզական թռիչքների իրականացումը խիստ անցանկալի է, որովհետև այն ավելի շատ սադրանք է հիշեցնում: Մի ամիս առաջ էլ Ադրբեջանը մեծաքանակ տեխնիկայի ու մարդկային ուժի ներգրավվմամբ զորավարժություններ անցկացրեց, այս ուսումնամարզական թռիչքները այդ զորավարժությունների տրամաբանական շարունակությունն են: ԼՂ հարցով պրոցեսը բարդ փուլում է, իսկ Ադրբեջանն այսպիսի գործողություններով նպաստում է իրավիճակի առավել սրմանը:

-Առաջիկայում ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին է այցելում Ռուսաստան: Այցի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հարցը ևս: Հաշվի առնելով, որ քաղաքական ակտիվ գործընթացներ կան, հավանական համարո՞ւմ եք սահմանին հանգիստ իրավիճակի պահպանումը, թե՞ Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է:

-Բոլոր վերլուծությունները տանում են նրան, որ բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն լինելու, իսկ Ադրբեջանն ակտիվորեն զբաղված է նոր ռազմական տեխնիկայի, սպառազինությունների գնման գործարքներով, շփման գծում նկատելի են նաև Ադրբեջանի կողմից ակտիվ աշխատանքներ, այնպես որ, ներկայումս նկատվող համեմատաբար կայուն իրավիճակը երկար չի պահպանվի. ամեն դեպքում իրադարձությունների ընթացքը դա է ցույց տալիս:

Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող երկրի և այս հարցում շահագրգռվածություն ցուցաբերող մյուս կողմերի այցերը տարածաշրջան կտրուկ ավելացել են, ինչը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կողմից՝ խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Հայերեն English

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար