Արցախ

Արամ Ա Կաթողիկոսը համալսարանականներին կոչ է անում մնալ գաղութում և զորացնել այն

3 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսը համալսարանականներին կոչ է անում մնալ գաղութում և զորացնել այն

ԱՆԹԻԼԻԱՍ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովանավորությամբ եւ նախագահությամբ Հայ համալսարանավարտների համախմբումը (ՀՀՀ) հուլիսի 1-ին «Կիլիկիա» թանգարանի սրահում կազմակերպել է 2015-2016 կրթական տարեշրջանի հայ համալսարանականների ձեռքբերումների գնահատման երեկո։ Ձեռնարկին ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը, կազմակերպությունների եւ միությունների ներկայացուցիչներ, 2015-2016 կրթական տարեշրջանի շուրջ հիսուն համալսարանավարտներ, ծնողներ, ՀՀՀ-ի անդամներ եւ բարեկամներ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, Համախմբման վարչության ատենապետ Հակոբ Հանտյանը կատարել է գնահատանքի երեկոյի բացման խոսքը։ Նա շնորհավորել է նոր համալսարանավարտներին, նրանց հրավիրել մասնակցելու Համախմբման առաջիկա աշխատանքներին՝ նոր շունչ եւ հավելյալ աշխուժություն բերելով:

Երեկոյի ավարտին բեմ է հրավիրվել Վեհափառ Հայրապետը, որը նախ շնորհավորել է նորավարտ համալսարանականներին, կարեւորելով վկայական ստանալու երեւույթը, որ արգասիքն է տքնաջան աշխատանքի: Նա անդրադարձել է համալսարանական ուսանողների դիմագրաված դժվարություններին, սակայն թելադրել է լինել ուժեղ եւ հաղթահարող:

Նորին Սրբությունը շեշտել է, թե «Համալսարանավարտները պետք է մնան մեր գաղութի մեջ, եւ զորացնեն այն։ Տվյալները ցույց են տալիս, որ մեր գաղութը հետզհետե կպարպվի ուսանող խավից, որոնք ճամփորդում են օտար երկրներ, տնտեսական ավելի լավ պայմաններ ունենալու հույսով: Մեր հայ գործարարներն իրենց գործարաններում և արտադրությունում պետք է տեղ տան հայ համալսարանավարտին եւ ազգային գիտակցությունից մեկնելով զիջեն այն նյութական խնայողությունը, որ պիտի ապահովեին օտարին աշխատեցնելով»:

Վեհափառ Հայրապետը, նորավարտ համալսարանականներին ուղղելով իր խոսքն, ասել է. «Վկայական ստանալը ձեր կյանքում երբե՛ք չի լինի վերջակետ, այլ՝ մեկնակետ մասնակցելու մեր միութենական եւ հասարակական գործունեության: Պետք է միշտ աշակերտ մնաք, որովհետեւ կյանքի բոլոր տեւողության մենք սովորելիք ունենք: Չի Կարելի ասել՝ ես վկայվեցի համալսարանի կողմից եւ վերջ, անելիք չունեմ: Մեր վկայականները պետք չլինեն ինքնանպատակ, այլ պետք է արժեւորվեն մեր մասնակցությամբ՝ եկեղեցական, ազգային, մշակութային բնագավառներում տարվելիք բոլոր աշխատանքներին»:

Հանդիսության ավարտին, յուրաքանչյուր շրջանավարտ Վեհափառ Հայրապետից ստացավ հուշանվեր։

Ձեռնարկի ընթացքին տեղի ունեցավ գեղարվեստական հայտագիր, որի ընթացքում ելույթ ունեցան Կայել Գրիգորյանը եւ Կարո Քելեշյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում