Պաշտոնական

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում Ասիական զարգացման բանկի` Հայաստանին ուղղված գործունեությունը

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում Ասիական զարգացման բանկի` Հայաստանին ուղղված գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին: Հանրապետության Նախագահը ողջունել է բանկի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն ևս մեկ անգամ վկայում է ԱԶԲ-ի հետ Հայաստանի ունեցած ամուր գործընկերային հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանն ուղղված ԱԶԲ-ի գործունեությունը: Ընդգծելով, որ համագործակցության անցած ավելի քան մեկ տասնամյակում երկկողմ արդյունավետ փոխգործակցության արդյունքում բանկի կողմից Հայաստանի տնտեսության մեջ կատարվել են զգալի ներդրումներ, Նախագահը հույս է հայտնել, որ այդ համագործակցությունը շարունակական կլինի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ ֆինանսավորմամբ մեր երկրում մի շարք խոշոր ծրագրերի իրականացմանն ու հետագա համագործակցության ծրագրերին՝ նկատի առնելով ՀՀ տնտեսության առաջնահերթությունները:

Հանրապետության Նախագահը հավաստիացրել է, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումները և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը շարունակական կլինեն:

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցությունների պայմաններում Հայաստանի վարած խելամիտ մակրոտնտեսական քաղաքականությունը և դրա արդյունքում արձանագրված ցուցանիշները: Նրանք ընդգծել են, որ բանկը շարունակելու է Հայաստանի բարեփոխումների օրակարգին օժանդակությունն ու տնտեսության զարգացմանը նպաստելու առաքելությունը:

Հանդիպմանը ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամներն իրենց մոտեցումներն ու գնահատականներն են ներկայացրել բանկի հետ Հայաստանի2014-2018թթ. գործընկերության ռազմավարության շրջանակներում իրականացված և ընթացիկ ծրագրերի մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում