Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Ղազախստանի նորանշանակ դեսպանին

3 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Ղազախստանի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հունիսի 14-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Նշանակման առիթով շնորհավորելով դեսպանին` Նորին Սրբությունը արդյունավոր գործունեություն մաղթեց նրան ի նպաստ երկու ժողովուրդների միջև եղբայրական կապերի առավել սերտացման: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձ կատարեց երկու պետությունների միջև առկա գործակցությանը` հավելելով, որ դրան նպաստում է նաև Ղազախստանում հայ համայնքի առկայությունը և վերջինիս ակտիվ ներգրավվածությունը երկրի տարբեր ոլորտներում:

Նորին Սրբությունը, ի դեմս դեսպանի, նաև իր վշտակցությունը հայտնեց Ղազախստանի ողջ ժողովրդին վերջերս Ակտոբե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց զոհ գնացին անմեղ քաղաքացիներ: Այս առնչությամբ, խոսելով մարդկության առջև ծառացած մարտահրավերների մասին, Նորին Սրբությունը կարևոր նկատեց հոգևոր և քաղաքական առաջնորդների ջանքերի մեկտեղումը` հանուն հոգևոր-բարոյական արժեքների զորացման և խաղաղության հաստատման:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գնահատանքով անդրադարձավ նախագահ Ն. Նազարբաևի նախաձեռնությամբ Ղազախստանում պարբերաբար գումարվող համաշխարհային և ավանդական կրոնների հոգևոր առաջնորդների գագաթնաժողովների դերակատարությանը` կարևորելով նման համախմբումների անհրաժեշտությունը մարդկության խաղաղ կյանքի կերտման գործում:

Դեսպան Թ. Ուրազաևը, խոսելով երկու ժողովուրդների բարեկամության և երկրների գործակցության մասին, ընդգծեց ժողովուրդների միջև հոգևոր, մշակութային կապերի առավել զորացման անհրաժեշտությունը: Ղազախստանի դեսպանը նաև կարևորեց համատեղ քայլերի ձեռնարկումը` ի խնդիր մարդկային կյանքն արատավորող երևույթների կանխարգելման: Այս կապակցությամբ դեսպանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` համաշխարհային և ավանդական կրոնների հոգևոր առաջնորդների գագաթնաժողովների կազմակերպման գործում Հայ Եկեղեցու կողմից ցուցաբերվող զորակցության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում