Հասարակական

Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղության շնորհի ներքո պահպանի աշխարհը. Գարեգին Բ կաթողիկոս

2 րոպեի ընթերցում

Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղության շնորհի ներքո պահպանի աշխարհը. Գարեգին Բ կաթողիկոս

ԷՋՄԻԱԾԻՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եվ խաղաղության տոնի եւ Շուշիի ազատագրության օրվա առիթով։Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ուղերձեւմ նշված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով:

Ազգերի ու պետությունների հետ տոնում ենք պատմական հաղթանակը ֆաշիզմի ու բռնության դեմ պայքարում, որին մասնակցություն բերեցին մեր ժողովրդի բազմահազար զավակներ` հայազգի փառապանծ զորավարներ ու զինվորներ: Տոնում ենք Շուշիի ազատագրումը և հաղթանակը Արցախյան ազատամարտում, որով պաշտպանեցինք մեր ժողովրդի ազատ, արժանապատիվ կյանքի արդար իրավունքը:

Մայիսի 9-ի հաղթական խորհուրդն այսօր առանձնակի զգացումներով է լցնում մեր հոգիները, քանզի հայրենանվիրումի նույն ջերմ ոգով մեր զավակները ապրիլյան օրերին իրենց սխրանքներով դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին` անառիկ պահելով մեր սահմանները:

Աղոթք ենք բարձրացնում, որ Տերը խաղաղության Իր շնորհի ներքո պահպանի աշխարհը, մեր հայրենիքն ու ժողովրդին և Իր Աջի հովանին տարածյալ պահի մեր Բանակի մարտիկների ու զորավարների վրա, ովքեր շարունակում են քաջաբար պաշտպանել ազատ ու խաղաղ կյանքը մեր ժողովրդի»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում