Արամ Ա կաթողիկոսը Աբու Դաբիում կատարել է ազգային «Արա Խանոյան» վարժարանի բացումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրության թեմ կատարած հովվապետական այցելության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. վեհափառ հայրապետը մայիսի 6-ին Աբու Դաբիի Սրբոց նահատակաց եկեղեցու համալիրում կատարել է «Արա Խանոյան» ազգային վարժարանի և «Սուրեն Գոճաքյան» սրահի բացումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիայի կաթողիկոսարանի հաղորդակցման և տեղեկատվության բաժնից, հանդիսությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ և այլք: Միջոցառումը մեկնարկել է մասնակիցների բացման խոսքերով:
Իր խոսքում նորին սրբությունը գնահատել է Արա Խանոյանին, որի բարերարությամբ կառուցված էր Աբու Դաբիի ազգային վարժարանը և Սուրեն Գոճաքյանին, որը ստանձնել էր վարժարանի սրահի ստեղծման բարերարությունը:
«ԱՄԷ թեմը ծաղման գործընթացի մեջ է: Դուք` ձեր նվիրյալ ծառայությամբ և ներդրումով, անցնող մի քանի տարում կառուցեցիք եկեղեցի և ազգային առաջնորդարան, և մեզ համար ուրախություն է, որ կատարում ենք նոր վարժարանի բացումը, որը համայնքի հայ մանուկների և պատանիների հայեցի դաստիարակության կենտրոն պետք է դառնա»,-ասել է վեհափառ հայրապետը: