ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ որևէ սանտիմետր չի կարելի փոխանակել հակառակորդի հետ, քանի որ դա թշնամուն հնարավորություն կտա մոտենալ մեզ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը իր խոսքում նշեց.
«Չի կարելի որևէ սանտիմետր տալ հակառակորդին: Շատ անգամ են մեզ առաջարկվել Մադրիդյան սկզբունքները, որոնք ԼՂՀ-ի համար անընդունելի են: Ռուս քաղաքագետները հաճախ հնչեցնում են այն տեսակետը, որ այս իրավիճակում ամենաբարդ դիրքում է հայտնվել Ռուսաստանը: Նրանք նշում են, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, իսկ մյուս կողմից, Ադրբեջանը Ռուսաստանի ստրատեգիական գործընկերն է: Հաճախ քաղաքագետների արած հայտարարությունները դեմ են Հայաստանի դիրքորոշմանը:
Եթե մենք փոխանակենք որևէ տարածք, ապա կստացվի, որ թշնամուն տալիս ենք մեզ մոտենալու հնարավորություն: Դա պանթյուրքիզմի երազանքն է, որը մենք բոլորս գիտենք: Ռուսաստանը դա շատ լավ է հասկանում:»
Խոսելով հակամարտող կողմերի հնարավորությունների մասին՝ գեներալը նշեց.
«Լայնամասշտաբ գործողությունները ձեռնտու չեն Ադրբեջանին, քանի որ դրանք կհանդիսանան Ադրբեջանի վերջը: Բացատրեմ՝ ինչու: Ադրբեջանը նստած է նավթի տակառի վրա: Եթե թշնամու ուղղությամբ ուղարկենք ընդամենը մի քանի հրթիռ, կարող ենք ոչնչացնել Ադրբեջանի 30-40 տոկոսը, և մենք ունենք այդ հնարավորությունը: Ադրբեջանն ունի նավթային հարթակներ, որոնցից մեկը եթե վառվեց, հանգցնելու համար 4-5 ամիս պետք կլինի»:
ԼՂՀ ՊԲ տվյալներով` ապրիլի 1-5-ին ԼՂՀ դեմ ռազմական սադրանքին հայկական կողմի ջախջախիչ հակահարվածի արդյունքում Ադրբեջանը կորցրել է 2 ուղղաթիռ, 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 8 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ, մոտ 2000 վիրավոր: