Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ռոբերտ Դոլդ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի. Ռոբերտ Դոլդ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Իլինոյսից հանրապետական ներկայացուցիչ Ռոբերտ Դոլդը հույս է հայտնել, որ Օբամայի վարչակազմը պետք է շարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրապետական ներկայացուցիչն իր տարածած հայտարարության մեջ շեշտել է, որ Սպիտակ տունը պետք է հրաժարվի հակամարտության կողմերի միջև հավասարության նշան դնելու քաղաքականությունից:

«Օբամայի վարչակազմը պետք է շարունակի աշխատանքը Լեռնային Ղարաբաղի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, իսկ Ադրբեջանն իր քայլերի համար պետք է պատասխանատվության ենթարկվի»,- նշել է Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի հանրապետական համանախագահը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ,որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-ից ավելի կորուստ: Շարքից հանվել է, ընդհանուր առմամբ, թշնամական 20 տանկ, մեկ «Գրադ» կայանք:

Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը:ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում