Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը հանդիսապետել է Ոտնլվայի արարողությունը

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսը հանդիսապետել է Ոտնլվայի արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Ոտնլվայի խորհրդավոր արարողությունը:Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, արարողությունը սկսվել է միասնական Տերունական աղոթքով: Այնուհետև Մայր Աթոռի միաբանները կարդացել են օրվա խորհրդին վերաբերող սուրբգրային հատվածները: Ընթերցվել է նաև Հովհաննես Պլուզ վարդապետի կողմից շարադրված «Սիրո մասին» խրատը:

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնել է խորանի վրա դրված ջուրն ու յուղը, որից հետո Նորին Սրբությունը, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, հոգեպարար շարականների երգեցողության ներքո լվացել ու յուղով օծել է տասներկու անձանց ոտքերը:

Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Հոգեշնորհ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սան Հարություն սարկավագ Քեշիշյանը, զինվորներ Սամվել Մինասյանն ու Հրաչ Չոբանյանը, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ Վահագն Գրիգորյանը և Հովհաննես Մուրադյանը, Մայր Աթոռի «Էօռնեկեան» և այլ հանրակրթական դպրոցների աշակերտներ Դավիթ Սարգսյանը, Բայանդուր Հարությունյանը, Ռուբեն Թադևոսյանը, Մելիք Կոնդյանը և Մելիք Մելիքյանը:

Վերջում օրհնված յուղը բաժանվել է հավատացյալներին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում