ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 6-ին համերգով հանդես կգա Պրահայի «Կոնգրես» կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազնավուրը հայտնել է չեխական archiv.ihned.cz կայքի հետ զրույցում:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ աշխարհահռչակ շանսոնյեն, ով համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ քաղաքներում, երբևէ ելույթ չի ունեցել Պրահայում` Ազնավուրը նշել է, որ պետք է Պրահայում համերգով հանդես գար 1969թ-ին` ռուսական զորքերի մուտքից մեկ տարի անց, սակայն որոշակի հանգամանքների բերումով այդ համերգը չստացվեց:
«Չգիտեմ` կազմակերպիչներն այն չեղյալ հայտարարեցին: Միգուցե որևէ պաշտոնյա մտածել էր, որ այդքան էլ ճիշտ չէ նման իրավիճակում երգելը: Դրանից հետո մի քանի անգամ այցելել եմ Պրահա, այնտեղ նկարահանվել եմ երկու ֆիլմերում, բայց համերգ չեմ ունեցել»,- ասել է շանսոնյեն:
Խոսելով իր գործունեության մասին` Ազնավուրը նշել է.«ես հայ եմ, ծնվել եմ Փարիզում, հպարտ եմ իմ աշխատանքով»: