Արցախ

Արցախի անվտանգության ապահովումը համայն հայության առաջնահերթություններից է. Արամ Ա

2 րոպեի ընթերցում

Արցախի անվտանգության ապահովումը համայն հայության առաջնահերթություններից է. Արամ Ա

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լիբանան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետը մարտի 12-ին և 13-ին մի շարք հանդիպումներ է ունեցել հայազգի և օտար ներդրողների հետ, նրանց հետ քննարկել Արցախում ներդրումային և բարեգործական ծրագրերի իրականացման հարցեր և ձեռք բերել համագործակցության կոնկրետ պայմանավորվածություններ:

«Արցախ Րութս Ինվեսթմընթս» ընկերության տնօրենների խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը քննարկել է ընկերության ծրագրերը, դրանց իրագործման ընթացքը և հետագա ուղղությունները: Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել ընկերության ներդրումը Քաշաթաղի շրջանի զարգացման և բնակիչների բարեկեցության մակարդակի բարելավման գործում՝ համոզմունք հայտնելով, որ կառավարության և ընկերության միջև սերտ համագործակցությունն այսուհետ ավելի կխորանա և կընդլայնվի:

Մարտի 13-ին արցախյան պատվիրակությունը մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսի գլխավորությամբ մատուցված սուրբ պատարագին, այնուհետև Անթիլիասի կաթողիկոսարանում հանդիպում է ունեցել Արամ Առաջինի հետ: Վարչապետն իր խոսքում կարևորել է լիբանանահայ համայնքի ակտիվ մասնակցությունն Արցախի գոյապայքարի և զարգացման գործում՝ Արցախի բնակչության անունից շնորհակալություն հայտնելով համայնքին՝ շարունակաբար ցուցաբերվող բարոյական և նյութական աջակցության համար: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ողջունել է Արայիկ Հարությունյանին` հավաստիացնելով, որ Արցախի զարգացման ու անվտանգության ապահովումը համայն հայության առաջնահերթություններից է, և Անթիլիասի կաթողիկոսությունը ևս ծառայում է այդ առաքելությանը:

Վարչապետի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիբանան շարունակվելու է մինչև մարտի 15-ը՝ ներառելով տնտեսական, քաղաքական և մշակութային բնույթի հանդիպումներ ու միջոցառումներ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում