Հայ դիզայներներն առաջին անգամ առաջարկում են հայկական գորգերի քարոզչության նոր եղանակ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հագուստներում և աքսեսուարներում օգտագործելով հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշերը և ամբողջական հորինվածքները` հայ դիզայներներն առաջին անգամ առաջարկում են հայկական գորգերի քարոզչության նոր եղանակ :
Փետրվարի 19-ին Մեգերյան կենտրոնում տեղի կունենա Մեգերյան կարպետի հետ համատեղ «Տերյան մշակութային կենտրոնի» նոր հավաքածուի «Անցյալ- ապագա» խորագրով արդիական հագուստների ցուցադրությունը:
«Ես դիզայներ եմ, ով ունի իր գաղափարը և մտածելակերպը: Մեր խնդիրը գաղափարը ստեղծելն ու այն առաջ տանելն է: Տեսնելով, որ ամբողջ աշխարհում էթնիկ թեման զարգանում է, կարևորեցինք հայկական գորգի հայտնվելը ժամանակակից հագուստում: Առաջին անգամ մենք առաջարկեցինք հագուստներ, որոնք չունեին տարազի ձևվածքներ: Իսկ այս նոր հավաքածուում մենք օգտագործել ենք գորգի զարդանախշերը` չունենալով գիտական մոտեցում, քանի որ դեռևս չենք ուսումնասիրել գորգը խորապես: Մենք ընտրում էինք այն ամենը, ինչը առաջին հայացքից ուշադրություն էր գրավում: Տարազը ստեղծելու համար երկար ժամանակ ենք անցկացրել թանգարաններում, աշխատել ենք ազգագրագետների հետ, ովքեր մեզ բավականին շատ տեղեկություն են տվել»,- ասաց «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ, արվեստագիտության թեկնածու, ՀՊՄՀ դիզայնի ամբիոնի դասախոս, հավաքածուի գաղափարի հեղինակ Լիլիթ Մելիքյանը:
Նրանք իրենց հավաքածուում օգտագործել են այնպիսի նախշեր և ձևվածքներ, որոնք իրենց կարծիքով հայ երիտասարդությանը կգրավեն: Հավաքածուում փորձել են սինթեզել ժամանակակիցը տարազի հետ: Եվ, եթե տեսնեն, որ մարդիկ հետաքրքրվում են, ապա կշարունակեն իրենց ուսումնասիրությունները: Յուրաքանչյուր հագուստի համար ասեղնագործվել է իրեն համապատասխան զարդ: Բացի զարդերից՝ հավաքածուում կան պայուսակներ, երկարաճիտ կոշիկներ և այլ պարագաներ:
«Տերյան մշակութային կենտրոնի» ձևարար, ճարտարապետ Թագուհի Սիմավորյանը նշեց, որ գարուն-ամառ հավաքածուում ներկայացվելու են 40 հագուստներ, որոնց մեջ հիմնականում օգտագործված են Սյունիք- Արցախ հավաքածուի գորգերը:
«Ի սկզբանե հավաքածուն միայն կանանց համար էր, սակայն այժմ ունենք հագուստներ նաև տղամարդկանց համար»,- ասաց Լիլիթ Մելիքյանը: