Արցախ

Անթիլիասում Արամ Ա կաթողիկոսը կատարել է Ղեւոնդյանց Քահանաների հիշատակի նախատոնակը

2 րոպեի ընթերցում

Անթիլիասում Արամ Ա կաթողիկոսը կատարել է Ղեւոնդյանց Քահանաների հիշատակի նախատոնակը

ԱՆԹԻԼԻԱՍ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում փետրվարի 2-ին կատարվել է Ղեւոնդյանց Քահանաների հիշատակի նախատոնակը՝ հանդիսապետությամբ Սուրբ Աթոռի Գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից, արարողությանը մասնակցել են Միաբան Հայրերը, եւ նախատոնակին նախագահել է Գերշ. Տ. Եփրեմ Արք. Թապագյանը:

Բուն Բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը, Հայ Եկեղեցու տոնացույցի համաձայն, նվիրված է Ղեւոնդյանց Քահանաներին, որոնք մեր պատմության ամենաճակատագրական պահին իրենց հավատքի ամրությամբ եւ պաշտոնի գիտակցությամբ առաջնորդ հանդիսացան՝ հույս ու կորով ներշնչելով հավատքի եւ հայրենիքի համար մղվող Վարդանանց ճակատամարտին: Ղեւոնդյանց այս արի կեցուածքը եւ անխախտ հավատքը վերանորոգում եւ ու վերակենսավորում է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Միաբանությունն իր աստվածանպատակ եւ ազգաշեն առաքելության մէջ։

Ըստ աղբյուրի՝ քահանայության պաշտոնի գիտակից ըմբռնումը մեր ժողովուրդի եկեղեցական-ազգային պատմության մեջ լավագույնս է արտահայտվում Ղեւոնդյանց Քահանաների կեցվածքով։ Քահանայության պաշտոնը եկեղեցու կյանքում կարեւորագույն պաշտոններից է: Այն, ըստ էության, Քրիստոսին է ներկայացնում ամեն Ս. Պատարագի ընթացքում աստվածապարգեւ «ընծաների» դիմաց: Այդ պաշտնը շատ ավելի խորն իմաստ ունի եւ դրա գիտակցումը մեծ պարտավորությունների տակ է դնում քահանային: Այն մարդկությանը տրված մեծագույն պատիվներից է՝ Սուրբ Բարսեղ Հայրապետի բացատրությամբ. «Բայց նախ գիտցէք որ քահանայութեան պատիւը չտրուեցաւ հրեշտակներուն, որովհետեւ անմեղ էին, այլ՝ մարդոց»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում