Հասարակական

Գարեգին Բ կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Հայոց բանակի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բ կաթողիկոսը Սուրբ Պատարագ է մատուցել Հայոց բանակի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ հունվարի 27-ինմատուցվել է Սուրբ Պատարագ` Հայոց բանակի օրվա կապակցությամբ:Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, ՀՀ ԶՈՒ Հոգևոր առաջնորդության սպասավորներ ու զինվորներ:

Պատարագի Սրբազան արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք, որի ժամանակ միասնական աղոթք է բարձրացվել Հայրենիքի և Հայոց բանակի անսասանության և հաղթական ընթացքի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ընթացքում, ի գնահատություն Հայրենիքին մատուցած ծառայությունների, Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանի է արժանացրել մի շարք զինվորականների:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով էլ զինծառայողների հոգևոր և հայրենասիրական դաստիարակության գործում զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մի շարք եկեղեցականներ էլ արժանացել են խրախուսանքի: Շնորհակալություն հայտնելով մշտապես բանակի կողքին լինելու համար` Սեյրան Օհանյանը շեշտել է, որ այսօր հոգևոր ծառայությունը և զինվորական ծառայությունը այն երկու սուրբ ծառայություններն են, որոնք ապահովում են ոչ միայն ուժային, այլ նաև գաղափարական ու հավատքով լի հենքը երկրի անվտանգության ապահովման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում