Միջազգային

Պեդրո Ագրամունտն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ

2 րոպեի ընթերցում

Պեդրո Ագրամունտն ընտրվել է ԵԽԽՎ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ստրասբուրգում սկսված ԵԽԽՎ ձմեռային լիագումար նիստում իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտն ընտրվել է կառույցի նախագահ: Այդ պաշտոնում նա փոխարինել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասսերին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ագրամունտը եղել է ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախագահը:

ԵԽԽՎ նախագահի պաշտոնում թեկնածուները կառույցի քաղաքական խմբակցությունների կողմից առաջադրվում են «ջենտլմենական համաձայնությունների» հիման վրա` քաղաքական խմբերի միջեւ համաձայնվեցված ռոտացիայի սկզբունքով: Այս անգամ հերթը Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբինն էր, որը ղեկավարում էր Պեդրո Ագրամունտը: Նրա թեկնածությունն իր խմբի կողմից առաջադրվել էր դեռեւս անցյալ տարի: Պեդրո Ագրամունտն այդ պաշտոնում պետք է աշխատի մինչեւ 2018 թվականը:

Իսպանիայի Վալենսիա նահանգից ընտրված պատգամավոր Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ-ում ներկայացված է 2000 թվականից: Այս տարիների ընթացքում նա Միությունում աշխատել է կոմիտեի նախագահ: Բազմաթիվ զեկույցներ է պատրաստել, ինչպես նաեւ 2010-2015 թվականներին աշխատել է Ադրբեջանի գծով համազեկուցողի պաշտոնում:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ «Ադրբեջանի մեծ բարեկամ Պեդրո Ագրամունտը ակտիվ հակառակորդ է հանդիսացել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին 2013 թվականի հունվարին Քրիստոֆեր Շտրասերի պատրաստած զեկույցի ընդունման ժամանակ»: Դրանից հետո Ադրբեջանում ուժեղացել է հասարակական ակտիվիստների եւ լրագրողների ձերբակալությունների ալիքը:

Իսպանական մամուլի տվյալներով` Ագրամունտը երիտասարդ տարիներին համագործակցել է Ֆրանկոյի վարչակարգի հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում