Իրանի բարձրաստիճան պատվիրակությունը մասնակցեց Երևանի Կապույտ մզկիթի հիմնադրման 250-ամյակի տոնակատարությանը
2 րոպեի ընթերցում
![Իրանի բարձրաստիճան պատվիրակությունը մասնակցեց Երևանի Կապույտ մզկիթի հիմնադրման 250-ամյակի տոնակատարությանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/10/822272.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրինկարևորում է Երևանի Կապույտ մզկիթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու կապակցությամբ Հայաստանի կողմից կատարվող աշխատանքները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևԷսհաղ Ջահանգիրին հոկտեմբերի 15-ին մասնակցեցինԵրևանի Կապույտ մզկիթի հիմնման 250-ամյակի արարողությանը:
«Շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Հայաստանում: Գտնվելով այստեղ` մոտիկից ծանոթացա և հասկացա այն պատմամշակութային կապերը, որոնք գոյություն են ունեցել Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև: Երևանի Կապույտ մզկիթի նմանը գոյություն ունի նաև Թավրիզ քաղաքում, և Երևանի մզկիթի անունը կապվում է Թավրիզի Կապույտ մզկիթի հետ: Այս մզկիթը Հայաստանի և Իրանի ժողովուրդների բարեկամության դրսևորման և զարգացող մշակութային կապերի ամրապնդման կարևորագույն խորհրդանիշ է», - «Արմենպրես»-ի հաղորդմամաբ` ընդգծեց Էսհաղ Ջահանգիրին` հավելելով, որ Երևանի Կապույտ մզկիթն այս տարածաշրջանում միաստվածության կրոնների հետևորդների խաղաղ համակեցության խորհրդանիշերից է:
ԻԻՀ առաջին փոխնախագահը նաև ուրախություն հայտնեց այն կապակցությամբ, որ 1991թ. անկախ Հայաստանի և Իրանի միջև ստորագրվեց Կապույտ մզկիթի վերականգնման և վերանորոգման պայմանագիրը, իսկ 1994-2010թթ. պատշաճ կերպով վերականգնվեց և պահպանվեց:
«Մարդկության հնագույն բնօրրաներից մեկում ձևավորված և հարուստ պատմություն կերտած հայ և իրանցի ժողովուրդները աշխարհին ավանդել են բարձրարժեք մշակութային ժառանգություն՝ հավերժական արվեստի արժեքներով հարստացնելով համաշխարհային գանձարանը: Մշակութային ժառանգության լավագույն օրինակներից է 2,5 դար առաջ Երևանում կառուցված Կապույտ մզկիթը»,- նշեց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հավելեց, որ Կապույտ մզկիթը տարածաշրջանի մշակութային եզակի գոհարներից է, որով հիացել և իրենց ստեղծագործություններում անդրադարձել են հայ մեծերից Ռոմանոս Մելիքյանը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Մկրտիչ Արմենը, Եղիշե Չարենցը և շատ ուրիշ հայեր: